20:10:44 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՔՊ-ական իշխանությունը մինչև ե՞րբ, որքա՞ն է ուժայինների թիկունքում ծվարելու

    01:45 14 Մայիս 2022

    Եթե անգամ պատերազմը չլիներ և այն բոլոր ահավոր կորուստները, որ ունեցանք՝ չունենայինք, դարձյալ պետության կառավարման բացակայության տարիներ որպես պիտի ձևակերպեինք վերջին 4  տարիները։ Դրանք կարելի է բնորոշել որպես  պոպուլիստական կեղծ ու կեղծավոր   հարթակներից միանգամից անցում այն ոստիկանապետությանը, որն այսօր ձևաիմաստային ամբողջությամբ մեր աչքի առաջ է ամեն քայլափոխի։

    Խաբված «ժողովրդի ընտրյալն» էլ,  այսպես կոչված «ժողովրդավարությունն էլ» կարճ ընթացքում վերածվեցին բռնապետի և բռնապետության։ Այս ամենը, ի հավելումն՝ պատերազմն իր  բերած ավերով մենք տեսել ենք, դրա միջով անցել ենք ու չենք հաղթահարել ազգովի։ Չէինք էլ կարող հաղթահարել, քանի որ այդ ամենի հեղինակը դեռ շարունակում է դե յուրե վարել  ՀՀ ղեկը։ Իսկ դա նշանակում է ոչ նույնիսկ տեղում դոփել, այլ՝ սարսափելի անկումներ և անկումների սարսափներ։

    Բայց քանի որ մենք այս ամենի մասին գիտենք և հազարապատիկ անգամներ բոլոր ասպեկտներով, բուրդը մանր-մանր գզելու հանգույն  վերլուծվել է, ուստի կարևոր է, որ սրա հեղինակին այլևս  թողնենք մի կողմ։

    Ինչու՞ է սա կարևոր։ Կարևոր է, քանի որ դիմադրության շարժումը այսօր ժողովրդի՛ հետ պիտի շահագրգիռ խոսակցություն ծավալի։ Քանի որ  «դավաճան, հողատու, կապիտուլյանտ» և այս կարգի հստակ /էլ չասած՝  ինքնախոստովանական ցուցմունքներ տվածի դեպքում նույնիսկ  ապացուցման կարիք չունեցող/ վանկարկում-փաստարկումներից   հետո ընդդիմությունը պիտի այլևս Փաշինյանի հետ  կնճռոտ հարցեր չունենար։ Մանավանդ, սեփական  գործողությունների, դրանց դրդապատճառների մասին հենց ինքն է փաստել։ Ընդդիմության խոսակցությունը ժողովրդի հետ պիտի լինի, ժողովրդի տարբեր շերտերի հետ...Պիտի  ժողովրդից՝ «առաջին ձեռքից»  հարցնել՝ ինչու՞ դուրս չեն գալիս,  ինչի՞ մասին կուզեն լսել։ Այսինքն, հարցադրումների պատասխանները տալու և կարիքների գնահատման մասին է խոսքը, ի վերջո ժողովուրդը բազմաշերտ է...

    Իսկ ի՞նչ է ասում ժողովուրդը․․․Ասում են՝ աթոռակռիվ է, ինչն, իհարկե, մի քիչ դժվար է պատկերացնել։ Ի դեպ, այս կերպ կարող են մտածել միայն ներկա-ապաշնորհները, քանի որ իրենք ուղղակի առանց գիտակցելու, թե՝ ինչ պաշտոններ են զբաղեցնում՝ հսկայական գործառույթներով և մեծ պատասխանատվությամբ՝  բացառապես «աթոռ» են զբաղեցնում։ Հե՛նց զբաղեցնում։ Ընդ որում, հանիրավի, քանի որ ի նպաստ պետության ոչինչ չեն անում, ունակ չեն։  Հետո՝ ասում են՝ ո՛չ նախկին, ո՛չ ներկա, նոր դեմքեր ենք ուզում։ Այս մեկը «Ոսկե ձկնիկի» պառավի ցանկություններից լինի ասես։ Հայաստանի քաղաքացիները մի՞թե օդից են իջնելու՝  ամպոտ ոտքերով։ Ի վերջո՝ նախկին-ներկա, սև-սպիտակ  ասելով էր հենց, որ բաժանեցին ազգը, պառակտեցին և մթնոլորտն ապականեցին թունավոր ատելությամբ։ Իհարկե, հասկանալի է, թե ի՞նչ են սրանով ուզում ասել մեր քաղաքացիները։ Զանգվածային բողոքի ակցիաներին մասնակցելուց զերծ մնացող շերտն է, որ նախորդ շրջանում պաշտոնավարած լիդերների վերադարձը չի ուզում։ Հետո՝ ասում են, թե՝ փողոց դուրս չեն գալիս, քանի որ վերջին անգամ՝ Նիկոլից խաբվելուց հետո կրկին խաբվել չեն ուզում։

    Բայց և՝ ներկա-նիկոլական իշխանությունից  դժգոհները   մեկ այլ պատճառ են բերում  իրենց չմասնակցելն արդարացնելու համար։

    Ասում են՝  մեզ  կոնկրետ լիդեր է պետք, որ հետևից գնանք։ Ընդհանրապես, նորմալ է, որ ժողովուրդն առջևից գնացող է ուզում: Դրոշակակիր։ Առջևից գնացող էր Արամ Մանուկյանը։ Նաև՝  Հիսուսը...Բայց ժողովուրդը Հիսուսին խաչեց, Բարաբբային խնայեց․․․

    Իսկ մինչ այդ՝ նիկոլական ռեժիմն անցնում է պետականության համար պայքարողների դեմ ռեպրեսիաների նոր, առավել քստմնելի մեթոդների՝ գիշերով, անսպասելի մուտք գործելով ընդդիմադիր գործիչների բնակարաններ և շինծու մեղադրանքներով ու բռնի ուժի կիրառմամբ  բերման ենթարկելով նրանց։

    Իշխանության թիրախում են նաև ՀՅԴ ներկայացուցիչները, ընդ որում, հատկապես՝ 44-օրյա պատերազմին մասնակից, անհնազանդության երթերի ակտիվիստ՝  երիտթևը։

    Այս համատեքստում, կարևորվում  է Ֆրանսիայի հրապարակում  բովանդակային-քաղաքական  տեքստերի անհրաժեշտությունը, գնահատականներ տալը, ընդ որում՝ թիրախային։ Արդեն իսկ գրեթե ամեն  երեկո հրապարակում օրախնդիր դասախոսություններով  հանդես են գալիս երիտասարդ գիտնականներ՝ նաև պատասխանելով ներկաների և հեռուստալսարանի հարցերին, ինչն արդյունավետ է։

    Ի վերջո, խոսքից գործողությունների անցնելու ժամանակն է։ ԱԳՆ-ի, գլխավոր դատախազության դիմաց իրականացվող ակցիաները իշխանությունների համար  հստակ մեսիջ են՝ այդ և գերատեսչական մնացյալ շենքերը ոստիկանապատելու համար։ Իսկ աշխատանքի ավարտին մոտ Երևանի քաղաքապետարանի նախազգուշական պաշարումը չորս կողմից՝ քաղաքային իշխանությանն արդեն անսպասելիությունից  զերծ կպահի։

    Այսպիսով, ըստ էության,  դիմադրության շարժումը պատռում է թույլ ու անզոր և  ուժայինների հետևում թաքնվող, քպական իշխանության դեմքը։ Իշխանություն, որն իրեն ժողովրդավար համարելով, ժողովրդի դեմ ոստիկանական եռատակ պատ է շարում՝  սարսափած ժողովրդական ցասումից։ Այսպես՝ մինչև ե՞րբ, որքա՞ն ժամանակ են  ոստիկանների ուղեկցությամբ ապրելու։ ՈՒժայինների հետևում ծվարելու։

    Եթե 2018-ի գունավոր հեղափոխությամբ  իշխանազավթումը կոռուպցիան ու թալանը դրոշ դարձրած զանգվածներ հանեց փողոց՝ շատերի հետ քաղաքացիական /այս դեպքում՝ֆինանսական/, պայմանագիր կնքելով՝ «ես քեզ, դու ինձ» սկզբունքով,  ապա դիմադրության այս շարժումը հանուն պետության և պետականության է և որքան  քպական անբարո և թրքահաճ իշխանությունն  իր ստորությունների  մեքենան  ուժգին լարի, այնքան ուժգին էլ  բախվելու է ահագնացող ժողովրդի ուժին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս