02:18:57 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Դիմադրության» շարժման երթը շարժվեց դեպի ՍԴ. Նրանք տանում են «շղթայված» Սահմանադրությունը

    12:23 5 Հուլիս 2022

    «Դիմադրության» շարժման մասնակիցները «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթ սկսեցին Արամ Խաչատրյանի արձանի մոտից դեպի ՍԴ շենք: Ակցիայի մասնակիցները երթի առջից տանում են «շղթայված» Սահմանադրությունը,  իրենց ձեռքին ունեն նաև պաստառներ՝ «ձերբակալություններով չեք վախեցնի», «քաղբանտարկյալների երկիր Հայաստան»։

    «Ցավալիորեն, Հայաստանում առկա իրավիճակում մենք հեռու ենք այն բաղձալի իրավիճակից, որ կարող ենք ամբողջապես տոնել մեր Սահմանադրության օրը։ Հեռու ենք, որովհետև ներկա իշխանությունն իր կառավարման առաջին իսկ օրից սկսած հիմքը դրեց ընտրովի արդարադատության, միանձնյա իշխանության, մեկ անձի հրամանները կատարելու միջոցով  պետությունը ուղղակիորեն օրինականության սահմաններից դուրս բերելու գործընթացին»,- երթի մեկնարկին հայտարարեց  ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

    Նրա խոսքով, այս ընթացքում Սահմանադրությունը բազմիցս ոտնահարվեց. «Սահմանադրությունը  դարձավ ոչ թե ուղենիշ այս իշխանության գործունեության, այլ դարձավ այն ինստիտուտը, որը ոտնահարելով ու խեղաթյուրելով այս իշխանությունը փորձում է ամրապնդել իր աթոռը»:

    Սեւակ Նազարյանը նաեւ հայտարարեց, որ «շղթայված» Սահմանադրությամբ  գնում են դեպի Սահմանադրական դատարան՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և հստակ ասելու, որ այս ընթացքը Հայաստանի համար ողբերգական հետևանք է ունենալու։

    «Մեզ հետ տանում ենք մեր այն բոլոր ընկերների նկարները, ովքեր այս պայքարի ընթացքում այս իշխանությանը դեմ լինելու համար այսօր քաղբանտարկյալի իրավիճակում են։ Այս իշխանությունը ավելի քան 40 քաղբանտարկյալ է պահում»,- ասաց նա:

    Երթի մասնակիցները, հասնելով ՍԴ-ի մոտ, այնտեղ թողեցին «շղթայված» Սահմանադրությունը, ապա շարունակեցից երթը դեպի նախագահի նստավայր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս