02:28:30 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հուսանք՝ հոգեւոր առաջնորդների հանդիպումը կնպաստի հայ գերիների վերադարձին եւ հումանիտար այլ հարցերի լուծմանը. Մայր Աթոռ

    00:45 14 Հոկտեմբեր 2021

    Հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը թվով 17-րդն էր՝ 1988թ-ից նման հանդիպումներ պարբերաբար տեղի են ունեցել, որոնց առանցքում Արցախյան հարցն ու պատերազմի հետեւանքով առաջացած մարտահրավերներն են եղել, քննարկվել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, սահմանից դիպուկահարներին ետ քաշելու, գերիների վերադարձի, անհետ կորածների ճակատագրի ճշգրտման վերաբերյալ հարցեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հանդիպմանը:

    «Սա եղել է այն հարթակը, որտեղ բարձրաձայնվել են Արցախի ժողովրդի անվտանգության վերաբերյալ հարցերը, այն ճշմտարությունները, որոնք առկա են Արցախյա հարցի հետ, այն հարթակն է, որտեղ նման քննարկումների միջոցով փորձ է արվել լուծումներ գտնել, եւ ժամանակը ցույց է տվել, որ տարբեր տարիների հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի դրական ազդեցություն ունեցել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում: Մենք հույս ունենք եւ ակնկալում ենք, որ այս հանդիպումը կնպաստի բարձրացված խնդիրների, հատկապես՝ գերիների վերադարձի եւ անհետ կորածների ճակատագրի հստակեցման հարցերի լուծմանը, թե ինչքանով դա իրականություն կդառնա, գուշակել չենք կարող, բայց հուսանք, որ համապատասխան մարմիններն ուշադրություն կդարձնեն բարձրաձայնված խնդիրներին»,- նշեց նա:

    Տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 5 տարի առաջ՝ 2017թ-ին: Հարցին, թե ինչն էր հասունացրել տեւական դադարից հետո նոր հանդիպում կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենը նկատեց՝ եռակողմ հանդիպումները, սովորաբար, կայանում են Ռուս Պատրիարքի նախաձեռնությամբ, եւ Արցախյան վերջին պատերազմի ողբերգական հետեւանքներն ահագնացող եւ մտահոգիչ են, ուստի առկա մարտահրավերները ձեւավորեցին նոր հանդիպում կազմակերպելու պահանջը:

    Տեր Եսայի քահանա Արթենյանը չմեկնաբանեց՝ գերիների վերադարձի եւ հումանիտար այլ խնդիրների վերաբերյալ եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են, թե՞ ոչ՝ նշելով, որ հավելյալ տեղեկատվություն փոխանցել չի կարող:

    «Արդյունքների ամփոփումը եղավ վերջում՝ Ռուս Պատրիարքի հայտարարությունում, որը համաձայնեցված էր թե՛ Ամենայն Հայոց Հայրապետի, թե՛ Կովկասի մահմեդականների հոգեւոր պետի հետ»,- նշեց նա:

    Պատերազմից հետո ադրբեջանական կողմը պղծել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին՝ շինարարական աշխատանքներ սկսելով այնտեղ՝ իջեցնելով եկեղեցու գմբեթի վեղարը, ձեւափոխելով եկեղեցու ներքին կառուցվածքն ու փորձելով ջնջել այնտեղից հայկական հոգեւոր-մշակութային հետքը: Մյուս կողմից, Ադրբեջանը հետեւողական քաղաքականություն է վարում հայկական սրբավայրերը որպես ուդի ժողովրդի հոգեւոր ժառանգությանը վերագրելու ուղղությամբ: Տեր Եսայի քահանա Արթենյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք այս խնդիրները եղել են եռակողմ հանդիպման օրակարգում եւ արդյո՞ք հայկական պատմամշակութային հետքը ջնջելու փորձերը կանխելու հարցում պայմանավորվածություններ ձեռք են բերվել:

    «Հուսանք, որ կհաջողվի արդյունքի հասնել նաեւ այդ հարցում, եւ ոչ միայն Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու, այլ նաեւ մեր մնացած սրբավայրերի պահպանության հարցում: Վեհափառի խոսքում անդրադարձ կար Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական սրբավայրերի պահպանման հարցին, որը ենթադրում է նաեւ պատմությունը չաղավաղելու շեշտադրումը, ինչին ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից»,- նկատեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

    Վերջին ամիսներին ադրբեջական կողմը արգելում է հայ ուխտավորների այցելությունները Դադիվանք: Տեր Եսայի քահանա Արթենյանը, ի պատասխան մեր հարցին, հայտնեց, որ եռակողմ հանդիպման արդյունքներով այս արգելքի վերացման հարցում դեռեւս առաջընթաց չկա:

    «Դադիվանքում մեր հոգեւորականները սպասավորում են, վերջին շրջանում ուխտավորների այցելության արգելքներ կան, բայց հույս ունենք, որ այդ խնդիրը, գուցե, կկարգավորվի»,- նկատեց Արթենյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ