10:59:39 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եգիպտացիները վրդովված են Կահիրեի եկեղեցում մահացու հրդեհին դանդաղ արձագանքից

    20:49 15 Օգոստոս 2022

    Եգիպտացիները վրդովված են այն հաղորդագրություններից, որ հրշեջներից եւ բուժաշխատողներից ավելի քան մեկ ժամ է պահանջվել, որպեսզի արձագանքեն ղպտիական քրիստոնեական եկեղեցում բռնկված հրդեհին, որը 41 մարդու կյանք է խլել, հայտնում է AFP-ն։

    Երբ սոցիալական ցանցերում բանավեճ է սկսվել, Twitter-ի օգտատերերից մեկը հայտարարել է, որ դանդաղ արձագանքը «ոչ միայն անփութություն է, այլ մեղսակցություն»: «Իմ զարմիկի երեխաները մահացել են»,- ասել է տեսանյութի հեղինակ Մոհա Էլ Հարրան լայն տարածում գտած առցանց հեռարձակման ժամանակ՝ կիրակի օրը տեղի ունեցած հրդեհից հետո, որն առաջացել է հոսանքի հետ կապված անսարքության պատճառով: «Ես այս թաղամասից եմ։ Գիտեմ, որ շտապ օգնությունը կարող է գալ երեք րոպեից: Նրանցից մեկուկես ժամ պահանջվեց։ Մենք միայն արդարություն ենք ուզում՝ տեղական շտապ օգնության ծառայության, հրշեջ ծառայությունների, քաղաքացիական պաշտպանության հարցում։ Նրանք բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

    Առողջապահության նախարար Խալեդ Աբդ էլ Գաֆարը կիրակի օրը հայտարարել է, որ «բուժաշխատողները տեղեկացվել են հրդեհի մասին առավոտյան 8:57-ին», իսկ առաջին շտապ օգնությունը «դեպքի վայր է ժամանել ուղիղ ժամը 8:59-ին»:

    Բայց շատերը դա վիճարկում են, ականատեսներն ասում են, որ շտապ օգնության ծառայության ժամանման համար պահանջվել է «մեկուկես ժամ»:

    «Ոչ, շտապ օգնությունը երկու րոպեի ընթացքում չի ժամանել»,- AFP-ին ասել է տեղի բնակիչ Մինա Մասրին: «Եթե շտապ օգնությունը ժամանակին հասներ, կարող էին մարդկանց փրկել»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ շատերը մահացել են ծխից թունավորվելուց, այլ ոչ թե այրվածքներից։

    Դատախազությունը հայտարարության մեջ հաստատել է, որ բոլոր 41 մարդիկ մահացել են շնչահեղձությունից, քանի որ դիակների վրա «այլ տեսանելի վնասվածքներ չեն եղել»։

    Մեկ այլ ականատես հայտնել է, որ հրդեհի ժամանակ որոշ մարդիկ խուճապահար «դուրս են նետվել պատուհաններից՝ կրակից փրկվելու համար»։ Նա մատնացույց է արել փողոցում կայանված մեքենան՝ խորը փոսով, որը, ըստ նրա, «թողել է մի մարդ, որն այժմ հիվանդանոցում է ձեռքի եւ մեջքի կոտրվածքով»:

    Բնակիչները պատմել են, որ անցորդները, չնայած կրակին ու ծխին, փորձել են երեխաներին դուրս բերել այրվող շենքից։

    «Բոլորը երեխաներին դուրս էին բերում շենքից,- ասում է Ահմեդ Ռեդա Բայումին, որն ապրում է եկեղեցու մոտ,- Բայց կրակը գնալով մեծանում էր»։

    Եգիպտոսում արտակարգ ծառայությունների դանդաղ արձագանքումը սովորական բան է:

    Ծխի դետեկտորները, ահազանգը եւ հրդեհային աստիճանները հազվադեպ են, եւ շատ տարածքներում, ինչպիսին է Իմբաբան, նեղ ճանապարհների պատճառով հրշեջ մեքենաներին դժվար է հասնել աղետի վայր:

    Եգիպտոսում, որտեղ անօրինական բնակելի տարածքներ եւ հաճախ խարխուլ ենթակառուցվածքներ կան, վերջին տարիներին մի քանի մահացու հրդեհներ են տեղի ունեցել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս