10:11:56 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինայի համար ձմռան «սարսափելի սկզբի» մասին

    01:30 26 Նոյեմբեր 2022

    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինայի համար ձմռան «սարսափելի սկզբի» մասին՝ ափսոսանք հայտնելով, որ «սրանք դժվար ժամանակներ են նաեւ մնացած Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի համար»՝ հաշվի առնելով էներգիայի եւ պարենային ապրանքների գների աճը:

    Նա խոստովանել է, որ «մենք բոլորս վճարում ենք» Ուկրաինայի պատերազմի համար։ Դաշինքի գլխավոր քարտուղարը մխիթարությունը տեսել է նրանում, որ եթե ՆԱՏՕ-ի անդամները դրա համար վճարում են փողով, ապա ուկրաինացիները «վճարում են արյամբ»։

    Չնայած դրան՝ Ստոլտենբերգը փաստացի բացառել է ճգնաժամը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու հնարավորությունը։

    «Եթե մենք թույլ տանք, որ Պուտինը հաղթի, մենք բոլորս դեռ երկար տարիներ  շատ ավելի բարձր գին կվճարենք: Եթե ​​Պուտինը եւ մյուս ավտորիտար առաջնորդները տեսնեն, որ ուժը պարգեւատրվում է, նրանք կրկին ուժ կկիրառեն իրենց նպատակներին հասնելու համար։ Այդպիսով մեր աշխարհն ավելի վտանգավոր կդառնա։ Ուստի մեր շահերից է բխում Ուկրաինային աջակցելը», - ասել է նա՝ հավելելով, որ  «մենք պետք է հիշենք՝ ինչի պատճառով է այս պատերազմը»։

    «Այն, ինչ կատարվում է բանակցությունների սեղանի շուրջ կախված է նրանից, թե ինչ է կատարվում մարտի դաշտում։ Հետեւաբար խաղաղ լուծման հնարավորությունը մեծացնելու լավագույն միջոցը Ուկրաինային աջակցելն է», - ասել է նա՝ հասկացնելով, որ ՆԱՏՕ-ն կշարունակի Ուկրաինային զինել այնքան, որքան կպահանջվի։

    «Ավելի երկարատեւ հեռանկարում մենք Ուկրաինային կօգնենք խորհրդային սարքավորումներից անցնել ժամանակակից ստանդարտներին։ Մենք կհանդիպենք ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ Ուկրաինայի ամենակարեւոր պահանջները եւ մեր երկարատեւ աջակցությունը քննարկելու համար», - նշել է նա։

    Ստոլտենբերգը հայտարարել է Բոսնիա եւ Հերցեգովինայի, Վրաստանի եւ Մոլդովայի արտաքին գործերի նախարարների հետ ծրագրված հանդիպումների մասին։ «Մեր երեք գործընկերները տարբեր կերպ են բախվում Ռուսաստանի ճնշմանը։ Ուստի մեր հանդիպման ժամանակ մենք քայլեր կձեռնարկենք ՝ օգնելու նրանց պաշտպանել իրենց անկախությունը եւ ամրապնդել իրենց պաշտպանվելու կարողությունը»,- ասել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս