20:26:22 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 2-րդ բանակային կորպուսի թափուր զինվորական հաստիքները համալրված են․ 168․am

    23:49 7 Փետրվար 2023

    168.am-ը հունվարի 23-ին հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով.

    1. Արդյո՞ք Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի «զորամասը» միակն էր՝ տեղակայված գյուղական տանը, իրականում շա՞տ են այդպիսի զորանոցները, ինչպես շրջանառվում է տարբեր տեղեկություններով, արդյո՞ք միայն Գեղարքունիքի մարզում է գյուղական տունը որպես զորանոց ծառայում:
    2. Իտալական մոդուլային կացարանների տեղակայումից հետո արդյո՞ք ամբողջովին վերանալու են տուն-զորանոցները: Ի դեպ, դրանց մշտական տեղակայման վայրը պատրաստ է լինելու 2023-ի վերջին, այսինքն, առնվազն մեկ տարի զինվորները զինվորական ծառայություն են իրականացնելու ոչ դասական զորանոցային պայմաններում: Ի՞նչ է արվում հրդեհային անվտանգության համապատասխան պայմաններ, միջոցներ ստեղծելու համար, եթե, իհարկե, դա հնարավոր է, քանի որ գյուղական տների դեպքում ազդանշանային համակարգ չի կարող գործել, ըստ էության:
    3. Տուն-զորանոցները արդյո՞ք հակառակորդի անմիջական տեսադաշտում չեն, ի՞նչ հեռավորության վրա են գտնվում դրանք, ի վերջո, մենք այս դեպքում գործ ունենք մի ամբողջ մարտական միավորման հետ:
    4. Ե՞րբ 2-րդ բանակային կորպուսի թափուր հաստիքները կլրացվեն, քանի որ դրանց երկար թափուր մնալը, հատկապես, երբ հրապարակայնացվել է, անվտանգային լուրջ ռիսկեր և վտանգներ է ստեղծում, թշնամին այդ առիթից կարող է օգտվել:

    Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ փետրվարի 6-ին Պաշտպանության նախարարության ուղարկած գրության մեջ նշվում է.

    «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր 23.01.2023 թ. հարցման՝ տեղեկացնում ենք, որ զորամասերի և ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկությունները հանդիսանում են պետական և ծառայողական գաղտնիք, որի կապակցությամբ դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է:

    Զինված ստորաբաժանումների՝ զորանոցային պայմաններում տեղակայումների գործընթացն ընթացքի մեջ է, կատարվում են ամենօրյա աշխատանքներ: Արձանագրված դեպքի շրջանակներում հանձնարարականներ են տրվել և ուժեղացվել է հակահրդեհային կանոնների պահպանման ուղղությամբ «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների խստիվ պահպանման վերաբերյալ:

    Բանակային կորպուսի թափուր զինվորական հաստիքները համալրված են, կադրային աշխատանքներ են տարվում առաջնային նշանակություն ունեցող այլ զորամասերի թափուր հաստիքների համալրման ուղղությամբ»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս