22:51:37 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախին խեղդելու Ադրբեջանի փորձերն ուղեկցվում են միջազգային հանրության լիակատար անգործությամբ․ Բաբայան

    16:07 27 Մարտ 2023

    Արցախն ամբողջությամբ խեղդելու փորձերն ուղեկցվում են միջազգային հանրության լիակատար անգործությամբ։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական-ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում Ադրբեջանի առաջխաղացման փորձերը։

    «Ադրբեջանը նոր փորձեր է ձեռնարկում, որպեսզի Արցախի բնակչությանը հերթական անգամ շոկի ենթարկի, անտանելի պայմաններ ստեղծի։ Այն, ինչ անում է Ադրբեջանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտում է՝ հարված Արցախին եւ հերթական հարվածը ՌԽԿ-ին։ Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Ռուսաստանը եւ միջազգային հանրությունը համարժեք քայլեր անեն, թեկուզ քաղաքական առումով։ Ադրբեջանի գործողությունները իրավունքի բոլոր հնարավոր նորմերի բացահայտ խախտում են»,- ասել է Բաբայանը։

    Նա ընդգծել է, որ այս ամենի ֆոնին տեղի է ունենում հերթական «մեղրամիսը եվրոպական որոշ երկրների եւ Ադրբեջանի միջեւ։ «Սա այն դեպքում, երբ Արցախում փաստացի ցեղասպանություն է իրականացվում։ Այդ եվրոպական երկրները բարոյական արժեքները վերածել են գնի, սա է ներկայումս քաղաքակիրթ աշխարհի ամենամեծ խնդիրը։ Այն միշտ եղել է, բայց հիմա հասել է ծայրահեղ աստիճանի»,- եզրափակել է Արցախի նախագահի խորհրդականը։

    Ինչպես արդեն հաղորդվել էր, անցյալ շաբաթ օրվանից Ադրբեջանը մի քանի անգամ փորձել է առաջխաղացում կատարել այս հատվածում՝ կտրելու ոչ միայն խճուղին, այլեւ Լաչինի միջանցքի բոլոր հողային ճանապարհները, որոնք կապում են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ։

    Մարիամ Լեւինա

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս