03:58:21 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը․ Արցախի նախագահ

    22:28 30 Հունիս 2022

    Հունիսի 30-ին գումարվել է Արցախի ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստը, որին ներկա էին 31 պատգամավորներ, տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

    Նախքան նիստի աշխատանքներին անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է «Միասնական հայրենիք» խմբակցության կազմում տեղի ունեցած փոփոխության մասին․ խմբակցության ղեկավար է ընտրվել Մարսել Պետրոսյանը։

    Օրակարգում այլ հարցերի հետ նախատեսված էր նաև ԱՀ նախագահի 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

    Արայիկ Հարությունյանը 2021 թվականը որակել է բարդ տարի՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական առումներով: Տարաբնույթ ծրագրերը ուղղված էին մարտահրավերները հաղթահարելուն:

    2021 թվականը պատերազմի հետևանքների վերացման ու բնականոն կյանքի վերադարձի տարի էր: Այդ ջանքերում նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը:

    Արտաքին քաղաքական վեկտորը նույնն է։«Մեր նպատակը միանշանակ է և դիրքորոշումն անփոփոխ՝ հասնել անկախության միջազգային ճանաչման՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման ու ճանաչման միջոցով: Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն, Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է», - ասել է Արայիկ Հարությունյանը:

    Անվտանգության հիմնական ջանքերի ուղղություններն են՝

    • պաշտպանության սեփական համակարգի շարունակական բարելավում՝ շփման գծի ողջ երկայնքով պաշտպանական նոր ամրությունների ու մեխանիզմների ձևավորում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ պաշտպանության ողջ համակարգում,

    • Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ պատշաճ հաղորդակցության ապահովում,

    • որոշակի աշխատանքներ նաև քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ։

    Նախագահը մեծապես կարևորել է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովման հարցում ռուսական կողմի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը:

    Այնուհետև անդրադարձ է եղել սոցիալ-տնտեսական ցուցանիշներին ու տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերին:

    Նախագահի ելույթից հետո հարցադրումներով հանդես են եկել պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը,Դավիթ Գալստյանը,Վահրամ Բալայանը, Արամ Գրիգորյանն ու Գեղամ Ստեփանյանը: Հարցադրումներն անվտանգային խնդիրների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթների, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի փոփոխության, ենթակառուցվածքների ու զբոսաշրջության զարգացման, տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման վերջնաժամկետի վերաբերյալ էին:

    Անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի կառուցմանը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն ավելի անվտանգ է լինելու քան գործողը: Նախագահը զգացմունքայնությունից վեր կանգնելու կոչ է արել, նամանավանդ երբ խոսքը անվտանգային հարցերին է վերաբերում:

    Պատասխանելով ենթակառուցվածքների մասին հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառուցվող խոշոր հիդրոէլեկտրակայանը լուծելու է էլեկտրաէներգիայի հետ կապված հարցերը: Իսկ որպես բնակարանային հարցի լուծման վերջնաժամկետ նշվել է 2025 թվականի նոյեմբերը:  

    Օրակարգի հաջորդ հարցը ԱՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն էր, որը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը։ 2021թ պետբյուջեի կատարողականը  եկամուտների գծով կազմել է 175,548,283 մլն ՀՀ դրամ, ծախսերի գծով՝ 224,158,518 մլն ՀՀ դրամ, պակասուրդը՝ 48, 610,235 մլն ՀՀ դրամ։

    ԱՀ հաշվեքննիչ պալատի եզրահանգումը 2021թ․ բյուջեի  կատարման վերաբերյալ դրական էր։

    Լսելով գլխադասային հանձնաժողովների և խմբակցությունների արտահայտած տեսակետները՝ խորհրդարանը 25 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է 2021թ բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

    Ընդմիջումից հետո 15 պատգամավորներ 22 հարց են ուղղել Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին։ Բարձրացրած հարցերը վերաբերում էին էներգետիկ և պարենային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը, միջպետական այլընտրանքային ճանապարհին, վարկերի և նյութական վնասների փոխհատուցմանը և այլն։

    Հաջորդիվ խորհրդարանն անցել է օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը։ Ներկայացված բոլոր նախաձեռնությունները  գլխադասային հանձնաժողովների կողմից նախապես  արժանացել  էին դրական եզրակացության։

    «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 28 կողմ ձայնով, «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների փաթեթը 25 կողմ ձայնով, իսկ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  և հարակից  օրենքների նախագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ 30 կողմ ձայնով  արժանացել են  խորհրդարանի հավանությանը։

    27 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

    «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Արցախի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերին և «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին խորհրդարանը քվեարկել է  27 կողմ ձայնով։

    Պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը և Սեյրան Հայրապետյանը։

    Վերջում  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս