14:15:33 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այսօր իշխանությունն առաջարկում է ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի, մեռնելու կամ քարշ գալու միջև. Աբրահամյան

    19:48 7 Դեկտեմբեր 2021

     


     

    Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ով սպառնացել է Հայաստանին միջանցքի հարցը ուժի կիրառման միջոցով լուծել, պահանջել է կոնկրետ ժամկետ հնչեցնել, թե երբ է տրամադրվելու միջանցք՝ նշելով, որ միայն այդ դեպքում Հայաստանը նոր խնդիրների առաջ չի կանգնի։

    «Սա այն նույն Ալիևն է, ով արցախյան առաջին պատերազմի օրերին փախել էր դեպքերի էպիկենտրոնից և իր օրվա հաճույքներն էր անցկացնում Թուրքիայի տարբեր ժամանցային կենտրոններում:

    Սա այն նույն Ալիևն է, ով 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների 4-րդ օրը հրադադար էր մուրում ռազմական գործողությունների դադարեցման համար։

    Սա այն նույն Ալիևն է, ով 2016 թվականի աշնանը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

    Սա այն նույն Ալիևն է, ով խոստովանում էր, որ իր երազանքն է համարել Հայաստանին ծնկի բերելը, սակայն դա իրեն հաջողվել է միայն 2020 թվականին բարենպաստ պայմաններ ստեղծվելու պայմաններում», - հայտարարեց պատգամավորը:

    Այնուհետև նա հարցադրում արեց՝ ի՞նչն է ստիպում Ալիևին Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի հետ խոսել սպառնալիքի, շանտաժի լեզվով։

    «Հարցն ունի միանշանակ պատասխան։ Ադրբեջանի համար բարենպաստ իրավիճակ ձևավորվեց  2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, երբ երկրի ղեկը ստանձնեցին անձինք, որոնց հետևողական ջանքերով երկրում դոմինոյի էֆեկտով փլուզվեցին պետական ինստիտուտները, շրջանառության մեջ դրվեցին հայաստանցի-ղարաբաղցի, սևեր-սպիտակներ վտանգավոր թեզերը, ծավալվեց հակաղարաբաղյան շարժում, որը մեկը մյուսի հետևից կազմաքանդեց պետականության հիմնասյուները»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

    Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանի համար անվտանգություն ապահովող համակարգերը նպատակային ձևով շարքից հանվեցին, ընդ որում, փլուզվեց հասարակական համերաշխությունը, հայի ոգին, միասնությունը, համախմբվածության ողջ պոտենցիալը:

    «Այսօր էլ այս իշխանությունը հանրությանը կանգնեցրել է նոր աղետի շեմին, որտեղ մեր ժողովրդին առաջարկվում է ընտրություն կատարել վատի ու վատթարագույնի, մեռնելու կամ քարշ գալու, ծնկի գալու կամ հանձնվելու միջև: Մեզ բոլորիս փորձում են համոզել, որ հայը ապրելու, պայքարելու  հնարավորություն այլևս չունի ու միակ տարբերակը հանձնվելն է: Այս իշխանությունն ընդամենը մեկ քայլ ունի անելու՝ թողնել ու հեռանալ, առանց որի մեր պետականության վերականգնումը, ինքնիշխանության ապահովումը և մեր ժողովրդի անվտանգության ապահովումն անհնարին կլինի»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս