18:15:29 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էս կինոն դեռ շարունակվելու է, քանի որ Ղազախստանը Չինաստանի տրանպորտային պրոյեկտի անկյունաքարն է ու ՌԴ-ի անվտանգության ողնաշարը․ Արթուր Դանիելյան

    10:54 9 Հունվար 2022

    Հունվարի 3-ին թալիբները մի քանի ժամ հրթիռակոծել են Թուրքմենստանի հետ սահմանի մի հատված: Հաջորդ օրը Ղազախստանում երկու օր ընթացող խաղաղ բողոքի ակցիաները վերածվեցին անբռնազբոս մառադյորության:

    Համարվում է, որ ամեն ինչ սկսվեց, երբ Ղազախստանի չորս գազամատակարար ընկերությունները, գալով հանցավոր համաձայնության, երկու անգամ թանկացրեցին հեղուկ գազի գինը, որը համարվում է մարդատար տրանսպորտի հիմնական վառելիքը: Համենայն դեպս նման վարույթ են իրականացնում Ղազախստանի մրցունակության պաշտպանության գործակալության աշխատակիցները: Հիշյալ չորս ընկերություններից երեքը Չինաստանի հետ համատեղ ձեռնարկություններ են, մեկը լիովին պետական է:

    Թանկացման լուրը, ինչպես և ակնկալվում էր, բողոքի ալիք է բարձրացնում: Այս ալիքը սանձելու համար դեռ դեկտեմբերի վերջին Ղազախստան են ժամանում թուրքական ազդեցության գործակալները: Բողոքի ցույցերը շատ արագ վեր են ածվում համատարած հանցագործության ալիքի: Թուրքական ցանցը փորձում է այն զսպել, հասկանալով, որ ուժային սցենարը նրանք չեն մարսի, սկսում են կոչ անել բողոքավորներին մնալ օրենքի սահմաններում, բայց այդ կոչերը որևէ ազդեցություն չեն ունենում: Ամեն ինչ ընթանում է գրեթե ցուցադրական դաժանությամբ:

    Հաշված ժամերի ընթացքում Ղազախստանի նախագահը դիմում է ՀԱՊԿ, ՀԱՊԿ-ը զարմանալիորեն արագ արձագանքում է ու որոշում է զորք մտցնել Ղազախստան: Արագ են գործում բոլորը բացի Ղրղզստանից: Ղրղզստանում պառլամենտը չի կարողանում զորք ուղարկելու որոշում կայացնել, քանի որ չի կարողանում ապահովել քվորում, մինչդեռ նույն շենքի բակում այդ որոշման դեմ բողոքող մարդիկ են հավաքվում: Մի քանի ժամ անց ղրղզական սահմանին կրակոցներ են հնչում (այս գարնանը ղրղզա-տաջիկական սահմանին բախման ժամանակ մոտ 50 մարդ է զոհվել ու 300-ը վիրավորվել): Առավոտյան Ղրղզստանի պառլամենտը խելոք արտոնում է Ղազախստան զորք ուղարկելը:

    Մի քանի ժամ անց, ՀԱՊԿ զորքը դեռ երկիր չմտած, բողոքի ալիքը կտրուկ մարում է: Ի հայտ են գալիս ընդհատակյա ահաբեկչական խմբերի դեր ստանձնած ինչոր դիմակավորված ծաղրածուներ, որոնք վառ արտահայտված ոչ ղազախական ակցենտով պնդում են, որ Ղազախստանի օկուպացիայի դեմ են պայքարելու, դե, որտև հակաահաբեկչական ցանկացած գործողության պարտադիր նախապայման է ահաբեկիչների գոյությունը:

    Սրան զուգահեռ սկսվում է «սաղ Նազարբաևն ա կազմակերպել» կարճամետրաժ արշավը, թեկուզ և բողոքի ցույցերի առաջին իսկ օրվանից մարդիկ պահանջում էին ոչ թե նախագահ Տոկաևի, այլ հենց Նազարբաևի հրաժարականը ԱԽՔ-ի պաշտոնից ու հենց իր արձաններն էին պղծում: Մինչ այդ պահը լռությունը պահպանող Նազարբաևը զանգ է ստանում Լուկաշենկոյից, որից հետո Նազարբաևի խոսնակը հայտարարում է, որ շեֆը կոչ ա արել համախմբվել Ղազախստանի ներկայիս իշխանության շուրջ: Թուրքական գործակալներին մեղադրում են անկարգությունները կազմակերպելու մեջ ու ձերբակալում են: Ռուսական մեդիա դաշտը զեկուցում է Ռուսաստանի հերթական փայլուն հաղթանակի մասին: Վարագույր! Նու համենայն դեպս շատ շատերը կուզենային, որ այսքանով կինոն ավարտվեր:

    Էս կինոն իրականում սերիալ ա ու այն շատ հեռու է ավարտվելուց: Միջին Ասիական բոլոր երկրները, այդ թվում Ղազախստանը, հերթով հրաժարվեցին ռուսական տառատեսակներից, ամենուրեք մարդիկ սկսեցին խոսել իրենց մայրենի լեզվով ու վերադառնալ արմատներին, որոնք հիմնականում թյուրքական են: Բնական է, որ Թուրքիան, այդ իրավիճակից օգտվելով, սկսեց սեփական ազդեցությունն ընդլայնել այս առանցքային տարածաշրջանում: Տեղի իշխանները միշտ փորձել են բալանսավորել ռուսական ազդեցությունը, դրան հակադրելով չինականը կամ նույնիսկ ամերիկյանը (որտեղ նավթ կամ գազ կար), իսկ Նազարբաևն այդ կոմպլիմենտարիզմի առաջամարտիկն էր: Բայց քանի դեռ իշխող համակարգերը ավտորիտար էին ու խարսխավում էին մեկ անձի վրա, Մոսկվան այդ տարածքներում խնդիր չուներ: Կոմպլիմենտրազիմով մի փոքր տարված ցանկացած իշխանին կարող էին գցել Բերդիմուհամեդովի օրը` նրան հայտարարելով մահացած ու հետո` ահագին խելոքացած վերակենդանացնելով:

    Իրավիճակը սկսվեց փոխվել, երբ Աֆղանստանում շատ տարօրինակ պայմաններում իշխանության եկան Թալիբներն ու կտրուկ մեծացավ թալիբների էքսպանսիայի հավանականությունը դեպի հյուսիս՝ Թուրքմենստան, Տաջիկստան ու հետագայում Ղազախստան: Սրան գումարում ենք այն փաստը, որ Աֆղանստանի օդակայանները տրվել են Թուրքիային, իսկ Թուրքմենիստանը այնուամենայնիվ իր նավթի հոսքը հանեց Նովոռոսիսկի նավթամուղից և ուղղեց դեպի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան: Կողքից էլ Էրդողանն էր արդեն Ռուսաստանի` թուրքական տարածք համարող քարտեզների հետ նկարվում: Պարզ էր, որ ժամանակը աշխատում է Ռուսաստանի դեմ, ինչի պատճառով էլ նրանք որոշեցին խաղալ «на опережение», զորք մտցրեցին Ղազախստան ավելի շուտ, քան աֆղանները կմտնեին Թուրքմենստան, իսկ ղազախ իսլամիստներն, ասենք, Օրենբուրգ: Որտև Էրդողանն իհարկե ընկեր ա, բայց դա հո հավերժ չի, իսկ ռուս-ղազախական սահմանն աշխարհի ամենա երկար ցամաքային սահմանն է:

    Իմիջիայլոց 100 տարի առաջ Օրենբուրգը մայրաքաղաքն էր Ղրղզական Սովետական Սոցիալիստական Հանրապետության, որի կազմում էին Ղազախստանն ու Ղրղզստանը: Ինչպես և 100 տարի առաջ ռուս բոլշևիկները թուրք բոլշևիկների հետ իբր թե միասին կոմունիզմ էին բերում Միջին Ասիա: Այդ միասնականության խաթր թուրքերին տվեցին Նախիջևանն ու Արցախը, դրա դիմաց, օրինակ` Էնվեր Փաշան 1921 թվի հոկտեմբերին անձամբ մեկնեց Թուրքեստանի Բուխարա նահանգ (ներկայիս ՈՒզբեկստան), որպեսզի տեղի իսլամիստներին (ռուսները նրանց «բասմաչ» էին անվանում) համոզի` չկռվել սովետի դեմ: Հետո իհարկե պարզվում է, որ Էնվերն իրականում աջակցում է իսլամիստներին, ինչից հետո 1922 թվի օգոստոսին սպանվում է: Սովետը գրավում է ողջ Կենտրոնական Ասիան ու անցնում մոդերնիզացիայի, որի առանցքում Շուշվեցի Լևոն Իսայի Միրզոյանն էր, ով ղեկավարել է Ղազախստանը 1933-38 թվականները: Միրզոյանը փրկում է ղազախներին սովից, որը իրենց գնահատականներով մոտ 1,5 միլիոն մարդու կյանք էր տարել: Իր կառավարման տարիներին Ղազախստանում վերածնվել է գյուղատնտեսությունը, ձևավորվել են արդյունաբերական շրջաններ: Նա կազմակերպեց ղազախ գրողների առաջին համագումարը, ստեղծեց ղազախական երաժշտական թատրոնը, պետֆիլարմոնիան, գիտությունների ակադեմիան ու երկրի սահմանադրությունը: 1938 թվին Միրոզյանին գնդակահարեցին:

    Գրեթե ոչինչ չի փոխվել: Հիմա էլ Պուտինն ու Էրդողանն են իբր թե իրար հետ պայքարում արևմտյան նենգ կապիտալիստների դեմ, քաջ գիտակցելով, որ երկուսն էլ, մեղմ ասած, անկեղծ չեն իրար հանդեպ ու առհասարակ: Փոխվել է միայն այն, որ Ղազախստանն արդեն սոված չէ: Իրենք արդեն ամեն ինչ ունեն` նավթն էլ, գազն էլ, արդյունաբերությունն էլ: Դպրոցներ էլ ունեն ու ամենահարգի դպրոցները Նազարբաևի օրոք շատ արագ տարածված Ֆաթուլահ Գյուլենի շարժման թուրքական դպրոցներն են: Էրդողանը իհարկե Գյուլենի թշնամին է:

    Հենց Գյուլենն էր Էրդողանի դեմ հեղաշրջման փորձը կազմակերպել, որից Էրդողանը փրկվեց Պուտինի շնորհիվ: Էրդողանին փրկած ՌԴ դեսպանին գյուլենիստները սպանեցին, իսկ Էրդողանը հետմահու պարգևատրեց ու արձան կանգնեցրեց: Բայց էս ամենն էլ հավեժ չէ: Էրդողանին իշխանության աթոռում պահում էր այն փաստը, որ նա Գյուլենից ավելի Գյուլեն էր խաղում, ավելի պանիսլամիստ ու ավելի պանթուրքիստ, մինչդեռ պարզվեց, որ էս շուսրտին, «Ձիկիյ Արմանի» պես հոյակապ անձնավորություններին ռուսների վրա ծախելով, թուրք ախպերներին ա փուռը տալիս...

    Նենց որ էս կինոն դեռ շարունակվելու է, քանի որ Ղազախստանը Չինաստանի տրանպորտային պրոյեկտի անկյունաքարն է ու Ռուսաստանի անվտանգության ողնաշարը:

    Հ.Գ. Նկարում Միրզոյան Լևոնն է` ձերբակալվելուց ու գնդակահարվելուց երկու շաբաթ առաջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ