21:24:51 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար

    21:47 24 Նոյեմբեր 2021

    Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

    ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցեր։

    Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։

    Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

    Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի բազմոլորտ համագործակցության մի շարք հարցերի՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: Կարևորվել է բարձր մակարդակում փոխայցելությունների իրականացումը։

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։ 

    Կարևորվել է նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս