23:35:15 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինձ այդ մասին ասել է Թաթ Լեռնիկը, որը ողորմածիկ է հիմա.Սերժ Սարգսյանի գործով հարցաքննվում է առանցքային վկան

    17:07 24 Նոյեմբեր 2022

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր, ի վերջո, հարցաքննվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առանցքային վկան՝ Սևակ Քոչարյանը, որի հարցաքննությունն ավարտին հասցնել շուրջ 5 դատական նիստի ընթացքում այդպես էլ չէր հաջողվում. Սևակ Քոչարյանը կա՛մ անհարգելի բացակայում էր նիստերին, կա՛մ պնդում, որ լսողական խնդիրների պատճառով ոչինչ չի լսում, չի կարող հարցաքննվել։

    «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր Սևակ Քոչարյանն ի վերջո ներկայացել է դատական նիստին, և թեև նշեց, որ լսողական սարքի հետ կրկին խնդիր կա, այդուհանդերձ, նախագահող դատավորՆ արձանագրեց, որ կարծես թե լսողության բարելավում է նկատվում, քանի որ, երբ վկան հեռվում էր նստած, իր հարցը լսել է, ինչից հետո վկան սկսեց խոսել և պատասխանել դատախազի հարցերին։ Դատախազի հարցին՝ կա՞ն արդյոք փաստաթղթավորված հաշվարկներ, որ հենց այդ գինն է նպատակահարմար եղել առաջարկել մեկ լիտր դիզվառելիքի համար, ասաց՝ չկան, ապա հավելեց, որ դա հնարավոր չէր անել, որովհետև մրցույթը շահելուց հետո պետք էր ճշտել՝ ՌԴ-ից է ձեռնտու բերելը, թե Իրանից, Քրդստանից, օրինակ, ՌԴ-ից բերել և տեղափոխել Սյունիք՝ ձեռնտու չէր, պետք էր ներկրել, օրինակ, Իրանից կամ Իրաքից, դա չէր կարող փաստաթղթավորվել, դա ձմռանն էր, ապրանքը պետք էր մատակարարել գարնանը։ Նրա փոխանցմամբ՝ այդ ամենն արել են սույն գործով վկա, իր ընկեր Եղիշե Վարդանյանի հետ, գյուղնախարարություն նույնպես միասին են գնացել։ Իսկ թե մյուս ընկերությունները ներկա եղել են, թե ոչ՝ վկան պնդեց՝ ոչ, երկուսով են եղել։ Դատախազը կրկին հարց ուղղեց վկային՝ եթե այդ ժամանակ շուկայում դիզելի մեկ լիտրի գինը եղել է 470 դրամ, ինչպե՞ս է ինքը 425-430 դրամ գին առաջարկել, ինչին արձագանքելով վկան պնդեց՝ իրենց առաջարկածը ողջամիտ գին է եղել այդ ժամանակի համար՝ նշելով, որ վատագույն դեպքում իրենց կարող էր մնալ 200-300 միլիոն դրամ եկամուտ: Նա նշեց, որ վեց տարի Պաշտպանության նախարարության դիզելային վառելիքն իր ընկերությունն է մատակարարել և ՊՆ-ի համար շատ արտոնյալ գներով, ՊՆ կարիքների համար դիզվառելիքների ձեռքբերման մրցույթներում իրենց ընկերությունը հաղթել էր «Ֆլեշ» ընկերությանը։

    Իսկ թե ինչպես է իմացել, որ «Ֆլեշ» ընկերությունն է հաղթել գյուղնախարարության կարիքների համար մրցույթում՝ Քոչարյանը նշեց, որ դրանում համոզված էր, քանի որ հիմնական խաղացողները եղել են «Մաքսը», որը չէր մասնակցում մրցույթին սկզբունքորեն, մնում էր՝ «Ֆլեշ»-ը։

    Նա պատմեց, որ ինքը վառելիքի շուկայում է արդեն 20 տարի եւ շուկայում ճանաչել է բոլորին։ Իրեն Գյումրիից են ասել, որ «Ֆլեշ» ընկերությունն է հաղթել հայտարարված մրցույթում։

    «Ինձ այդ մասին ասել է Լեռնիկը, որը ողորմածիկ է հիմա։ «Ֆլեշ» ընկերության վառելիքը կոնկրետ Լենինականում բաժանում էր Լեռնիկը։ Ազգանունը չեմ հիշում, բայց մականունը Թաթ էր, ձեռքը կտրված էր։ Մահացել է։ Քանի որ մենք շուկայում էինք ու պարտադիր էր, որ մենք նաև գնային քաղաքականության հետ կապված տեղեկացված լինեինք, կապի մեջ էինք շատերի հետ։ Ես միշտ զանգում էի տարբեր մարդկանց, տարբեր մարզեր, որպեսզի որոշեինք, թե մեր ապրանքը որքանով ենք վաճառելու։ Զանգեցի Լեռնիկին, որ որոշ բաներ ճշտեի ու նա ասաց, որ արդեն սկսել են գյուղատնտեսական վառելիքը վաճառել։ Ես Լեռնիկին զանգել էի, որ ոչ թե հարցնեի, թե «Ֆլեշը» շահել է, թե ոչ, այլ ուղղակի արդեն ասացի՝ ինչու էի զանգել։ Ես իմացել եմ, որ մենք չենք հաղթել, ես իմացել եմ, որ «Մաքսը» չի մատակարարում, մնացել էր միայն «Ֆլեշը» »,- ասաց վկան։

    Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս