22:09:13 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունը ՀՀ ներքին գործերի նախարարության հետ

    21:57 24 Մարտ 2023

    ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանին։

    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

    «Ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ միջև ձևավորված 30-ամյա ամուր և արդյունավետ համագործակցությունը, որը հիմնվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։
    Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել մինչ այժմ իրականացված աշխատանքի և Ներքին գործերի նախարարությանն ու ենթակա ծառայություններին ցուցաբերած աջակցության համար։ Նա հատկապես ընդգծել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի աջակցությունը՝ ուղղված ոստիկանությանը, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից փրկարար ծառայությանը ցուցաբերած աջակցությունը։
    Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է համագործակցության շնորհիվ կյանքի կոչված ծրագրերն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու աջակցել Ներքին գործերի նախարարության կողմից նախաձեռնած բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

    Ըստ աղբյուրի՝ արտակարգ և լիազոր դեսպանը կատարված աշխատանքներից առանձնացրել է պարեկային ծառայության ստեղծումը, որն արդեն դրական արդյունքներ է արձանագրում։

    Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել ՆԳՆ կրթահամալիրի, ջրային պարեկային ծառայության ձևավորման աշխատանքներին ու ծառայություններում կանանց ներգրավվածությանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս