04:47:23 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր. քննարկվել է հողերի խոշորացման ծրագիրը

    20:50 30 Հունիս 2022

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումներին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

     

    Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական նշանակություն ունեցող չօգտագործվող հողատարածքների կրճատմանը, հողատարածքների բաշխվածությանը, ոռոգելի տարածքների ընդլայնմանը, հողատարածքների չօգտագործման հիմնական պատճառներին, մինչ այժմ հողային բարեփոխումների շրջանակում կատարված որոշ աշխատանքներին: Քննարկվել են հողերի խոշորացմանը եւ հողային շուկայի զարգացման նպատակով փորձնական ծրագրի իրականացմանը, հողերի մշակության եւ կոնսոլիդացման համար առաջարկվող տնտեսական մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը վերաբերող հարցեր:

     

     

    Կարեւորվել է ոռոգման ջրով ապահովված, սակայն չմշակվող հողատարածքների գույքագրումը, հողատարածքների մշակման արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումների իրականացումը:

     

    Վերը նշված հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների կողմից ներկայացվել են տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ:

     

    Վարչապետ Փաշինյանը կարեւորել է հողային բարեփոխումների իրականացումն ու գյուղացիական տնտեսությունների եկամտաբերության բարձրացումը, այդ թվում՝ մշակվող հողատարածքների խոշորացման արդյունքում: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է ձեւավորել համապատասխան աշխատանքային խումբ, որը կմշակի գործողությունների ճանապարհային քարտեզ: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաեւ պիլոտային ծրագրի իրականացումը, ինչը կնպաստի խնդիրների վերհանմանն ու հետագայում բարեփոխումներն արդյունավետ իրականացնելուն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս