00:02:10 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ո՞րը պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում. Անդրանիկ Թևանյան

    17:08 27 Սեպտեմբեր 2022

    «Հայաստան» խմբակցության Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է.

    «Չեմ ուզում գնահատական տալ Լևոն Տեր–Պետրոսյանի երեկ հայտնած մտքերին։ Նրա մոտեցումների ու քաղաքական փիլիսոփայության մեջ բան չի փոխվել։ Այնպես որ նոր բան էլ չկա ասելու։

    Ինձ համար հիմա կարևոր չեն ՀՀ երեք նախագահներից որևէ մեկի հասցեին հնչած գնահատականները, ավելի կամ պակաս հայհոյանքը, գովքը կամ քծնանքը։ Կարևորը բառիս բուն իմաստով Հայաստանը վերացումից փրկելն է։

    Նիկոլ Փաշինյանն իր ու իր ընտանիքի փրկության հարցն է լուծում ու վախենում է աթոռը կորցնելուց, քանզի համոզված է, որ եթե իշխանության գան իր քաղաքական հակառակորդները, ապա իր համար, մեղմ ասած, լավ օրեր չեն սպասվում (ի դեպ, հանրության որոշակի շերտերի մոտ էլ կա նման պահանջ)։

    Փաշինյանի այդ համոզվածությունն է նրան կառչած պահում աթոռից։ Այդ համոզվածությունն է նաև պատճառը, որ նա սեփական անվտանգության երաշխիքներ է փնտրում Բրյուսելում, Վաշինգտոնում, Փարիզում, Անկարայում, Մոսկվայում (վերջին մայրաքաղաքից նա հույսը, կարծես, կտրել է)։

    Դրսում անվտանգության երաշխիքներ փնտրելով՝ նա Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ, ինչը ողբերգական վերջաբանի է հասցնելու մեր երկրին ու հայ ժողովրդին։ Բրյուսելի ու Մոսկվայի արանքում նա կրակի բերան է տանելու մեր երկիրն ու ժանրի կանոնների համաձայն՝ վերջում փախչի։

    Նիկոլի այս մոտիվացիան խիստ դատապարտելի է ու հակապետական, բայց միևնույն ժամանակ այն հասկանալի է․ եթե իշխանության կորուստը սպառնում է իրեն հետապնդվելու հեռանկարով, ապա ինքը բնական իրավունք ունի իր կաշին փրկել ու պաշտպանվել, և եթե այդ պաշտպանության գինը Հայաստանն է, ապա ինքը պատրաստ է վճարել այդ գինը։

    Հիմա մենք նիկոլական վախերի ծուղակում ենք հայտնվել։

    Իդեալական տարբերակն այն կլիներ, որ Նիկոլը կամովին հեռանար կամ հեռացվեր իր ընդդիմախոսների կողմից։ Բայց նա չի հեռանում վերը նշված մոտիվացիայով, իսկ նրան հեռացնելն այս պահին չի հաջողվում։ Բայց ժամանակը սուղ է։ Ստացվում է փակուղի Հայաստանի համար և փրկվելու հնարավորություն (Հայաստանի գնով) անձամբ Փաշինյանի համար։

    Լուծումը տվյալ դեպքում կոմպրոմիսն է։ Քաղաքական, կուսակցական, աթոռային շահերից վեր կանգնելը։

    ՀՀ երեք նախագահների, Արցախի երկու նախագահների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձևաչափով կարելի է հումանիտար միջանցք բացել ու հրապարակայնորեն անվտանգության երաշխիքներ խոստանալ Նիկոլ Փաշինյանին։ Եթե նրան այս պահին չի ստացվում հեռացնել, ապա պետք է իրեն, իշխանության այլ շրջանակներին մասնակից դարձնել այդ հեռացմանն ու չհետապնդվելու երաշխիքներ տալ, որպեսզի փրկել Հայաստանը, որին շանս կարող է տալ միայն նոր դեմքով բանակցողն ու ազգային համաձայնության կառավարությունը (գիտեմ, որ այս սցենարը կարող է ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ մարդկանց դուր չգալ, բայց որևէ մեկը թող չփորձի ինձանից ավելի կոշտ ընդդիմադիր լինել․ ինձ մեր երկիրն է հետաքրքրում, այլ ոչ թե մեկ ողորմելու պատժելը)։

    ՀՀ երեք նախագահների առաքելությունը պետք է սա լինի՝ տալ կյանքի երաշխիքներ Նիկոլին ու այս փուլի համար գտնել կոմպրոմիսային վարչապետի թեկնածու (երեք նախագահներից որևէ մեկը չի կարող լինել այդ կոմպրոմիսային թեկնածուն)։ Բանակցությունների միջնորդական առաքելությունը բնականորեն պետք է վերապահվի Կաթողիկոսին։

    Կկարողանա՞ն փոխհամաձայնության հասնել և իրագործել այս քայլերը ՀՀ երեք նախագահները՝ շատ լավ, չե՞ն կարողանա՝ ուրեմն այլ տարբերակ պետք է փնտրել։

    Մեկ բան անքննարկելի է՝ Նիկոլով Հայաստանը 100 տոկոսով ոչնչանալու է, առանց Նիկոլ՝ փրկվելու և հարատևելու շանս է առաջանալու։ Այդ շանսը չօգտագործելը կլինի ավելին, քան հանցագործությունը։ Դա սխալ կլինի»։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս