17:43:47 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իշխանությունները փոխվում են, իսկ նրանց կողմից կիրառվող մեթոդները բացարձակ չեն փոխվել. իրավապաշտպաններն արձագանքում են ոստիկանության գործողություններին

    18:14 4 Հունիս 2022

    Ոստիկանության և «Դիմադրություն» շարժման մասնակիցների միջև երեկ բախումներ եղան: Տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես են ոստիկանները մահակներով, վահաններով ծեծի ենթարկում ակցիային մասնակիցներին, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ կրակում մարդկանց վրա:

    Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ:

    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ ոստիկանության  գործողությունները պարզապես դուրս եկան անհամաչափ լինելու սահմաններից:

    «Դրանք կրում են ակնհայտ հանցավոր բնույթ: Դրա հետևանքն այն է, որ մենք ունենք բազմաթիվ վիրավոր քաղաքացիներ, ծեծված քաղաքացիներ և զավեշտալին այն է, որ ակնհայտ տեսագրությունների պայմաններում որևէ ոստիկան չի ձերբակալվում: Այնինչ, առանց որևէ տեսագրության, իսկ տեսագրություն չկա, որովհետև փաստ չկա, 12 կարծեմ, եթե ոչ ավել, քաղաքացի է ձերբակալվել՝ այդ թվում նաև ծեծված-ջարդված վիճակում»,-եզրափակեց Ռուբեն Մելիքյանը:

    Իրավապշտպան Զառա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոստիկանությունը վաղուց պետք է սովորեր քաղաքացիների հետ շփվելու մշակույթին, այնինչ  վերջինների գործելաոճում ոչինչ չի փոխվել, հակառակը՝ իրենց թվում է, թե կա ամենաթողություն:

    «2018 թվականին լուսաձայնային նռնակներ կիրառվեցին Ազգային Ժողովի դիմաց Երանոսյանի կողմից: Մենք շատ երկար  այդ հարցը քննել ենք հենց ներկայիս իշխանության ներկայացուցիչների հետ, և նրանք ասում էին, որ այդպիսի  միջոցների կիրառումն այսուհետև պետք է բացառվի: Ու հիմա փաստացի մենք տեսնում ենք, որ իշխանությունները փոխվում են, իսկ մեթոդները, որոնք կիրառվում են նրանց կողմից՝ բացարձակ չեն փոխվել: Դա է ամբողջ ցավը, այն ժամանակ էլ նույնն էր»,-ասաց Հովհաննիսյանը:

    Իրավապաշտպանը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի լուսանկարը՝ ձեռքի վնասվածքով, հենց լուսաձայնային նռնակից ստացած վնասվածքի հետևանք էր ու հիմա փաստացի այս իշխանության ներկայացուցիչները, որոնք անձամբ զգացել են փողոցում կանգնած մարդու կարգավիճակը՝ կիրառում են նույն մեթոդները:

    Կապ հաստատեցինք նաև փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ, ով ասաց, որ տեղյակ չէ,թե ինչ է տեղի ունեցել երեկ և խնդրեց իր հետ կապ հաստատել մի քանի ժամից կամ օրից, որպեսզի հասցնի ծանոթանալ երեկ տեղի ունեցած իրադարձություններին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ