11:05:51 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանում նավթի արդյունահանումը նվազել է

    16:45 15 Օգոստոս 2022

    Ռուսաստանում նավթի եւ կոնդենսատի արդյունահանումն օգոստոսի առաջին շաբաթներին հուլիսի համեմատ նվազել է 3 տոկոսով՝ օրական մինչեւ 1.428 մլն տոննա, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Այնուամենայնիվ, խոշոր նավթային ընկերությունները կայուն մակարդակի վրա են պահում արդյունահանումը՝ ՕՊԵԿ+ գործարքով ստանձնած պարտավորությունների պատճառով. ընդհանուր անկմանը նպաստել են փոքր խաղացողների արդյունքները, ինչպես նաեւ «Գազպրոմ»-ի կառույցները։

    Ուղղահայաց ինտեգրված նավթային խոշոր ընկերությունների (VIOCs) մեծ մասին հաջողվում է պահպանել արտադրության ծավալը, նույնիսկ՝ արտահանման սահմանափակումների պայմաններում։ Մասնավորապես, «ԼՈւԿՕՅԼ»-ը եւ «Սուրգուտնեֆտգազ»-ը հետեւողականորեն օրական համապատասխանաբար 220 եւ 162 հազար տոննա են արտադրում։ «Ռոսնեֆտ»-ը (առանց իր դուստր «Բաշնեֆտ»-ի տվյալները հաշվի առնելու) օգոստոսին արտադրությունը կրճատել է ընդամենը 0.5 տոկոսով՝ մինչեւ օրական 464 հազար տոննա։

    «Գազպրոմ Նեֆտ»-ը, իր հերթին, ընկնում է շուկայի հետ միասին՝ 3 տոկոսով՝ օրական մինչեւ 108 հազար տոննա: Շուկայի փոքր մասնակիցները շատ ավելի արագ են կորցնում դիրքերը՝ Ռուսաստանում արտադրության անկման 90 տոկոսը բաժին է ընկել այլ ընկերություններին: Դրանցից խոշորագույնների թվում են «Նեֆտիսա»-ն եւ Իրկուտսկի նավթային ընկերությունը, ինչպես նաեւ՝ «Գազպրոմ»-ը, որը կրճատել է նավթի եւ կոնդենսատի արդյունահանումը։

    «Գազպրոմ»-ը վերջին ամիսներին անշեղորեն նվազեցնում է կոնդենսատի արտադրությունը՝ գազի արդյունահանման նվազման պատճառով, իսկ օգոստոսին կոնդենսատի ցուցանիշները կարող էին ավելի շատ տուժել՝ Եվրոպա արտահանման նվազման եւ ռուսական ստորգետնյա գազի պահեստարանների ներարկման ավելի դանդաղ տեմպերի պատճառով: Այլ ընդերքօգտագործողների կողմից կոնդենսատի օրական արտադրությունը նվազել է 15 տոկոսով՝ մինչեւ 208 հազար տոննա։

    Ռուսաստանում նավթի արդյունահանումը կտրուկ նվազել է ապրիլին պատժամիջոցների սահմանման ֆոնին, սակայն անմիջապես սկսել է աստիճանաբար վերականգնվել։ Օգոստոսին արտադրությունը կրկին սկսել է նվազել՝ այդպես էլ չհասնելով նախաճգնաժամային մակարդակին։ Նավթի վերամշակումը, որը եւս ցուցանիշների անկում է գրանցել, ամռան վերջին ամսում շարունակել է աճել՝ հուլիսի համեմատ գրեթե 2 տոկոսով՝ մինչեւ 787 հազար տոննա։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս