15:23:23 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վախ: Սա միակ էմոցիան է, որ իշխում է բացարձակապես բոլորի մոտ

    15:05 11 Դեկտեմբեր 2021

    Հարգե՜լի ընկերներ, ձեզ եմ ներկայացնում վերջին ամիսների ընթացքում իմ մտորումներից որոշները:

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՄՈՑԻՈՆԱԼ ՔԱՐՏԵԶԸ»

    Մի քանի տարի առաջ, երբ ընթերցում էի Դոմինիկ Մոիզիի «Էմոցիաների աշխարհաքաղաքականությունը» աշխատությունը, տպավորված էի այն վերլուծությամբ, որ հեղինակը կատարել էր` դիտարկելով մայրցամաքների ու պետությունների զարգացման ընթացքները` հիմքում դնելով այդ տարածքների մարդկանց բնորոշ էմոցիաները: Վերլուծությունը կառուցված էր 3 հիմնական էմոցիաների վրա` ՎԱԽ, ՆՎԱՍՏԱՑՈՒՄ և ՀՈՒՅՍ: Ըստ հեղինակի, օրինակ Աֆրիկյան մայրցամաքում գերիշխում է նվաստացման էմոցիան, որը խեղված վստահությունն է սեփական ունակությունների հանդեպ, ինչն ահռելի ազդեցություն է ունենում պետությունների վիճակի ու վարքագծի վրա: Ասիական երկրների զարգացման ֆենոմենը նա բացատրում էր պատմական մի շրջափուլում դժվարությունները հաղթահարելուց հետո հույսի առկայությամբ, որն այլ կերպ կարելի է անվանել վստահություն ապագայի հանդեպ: Սա չի նշանակում, որ այլ` էմոցիաներ չկան, ու հասարակությունից հասարակություն բացի այս երեքից չեն կարող լինել ուրիշները (օրինակ հեղինակը Ռուսաստանն առանձին է դիտարկում):

    Պատերազմից ու հատկապես ընտրություններից հետո ինձ շատ է սկսել զբաղեցնել այն միտքը, թե ինչ էմոցիաներով է ապրում մեր հասարակությունը ու ինչ ազդեցություն ունեն այդ էմոցիաները ռեալ կյանքում` քաղաքականության, ժողովրդագրության, վարքագծային մոդելների և այլնի վրա: Այլ կերպ ասած փորձել եմ ներկայացնել «Հայաստանի էմոցիոնալ քարտեզը»:

    Չեմ անդրադարձել այն ցասմանը, անզորությանը, դատարկությանը, դառնությանը, որոնք ունեն և ապրում են որդեկորույս մայրերը, վիրավորների ու գերիների հարազատները: Իրավունք չունեմ:

    1. ՀԻԱՍԹԱՓՈԻԹՅՈՒՆ: Կարծում եմ` թե քանակական և թե որակական առումով այս զգացումը ամենամեծ տեսակարար կշիռն է զբաղեցնում ՀՀ-ում: Մարդիկ հիասթափված են իրենց ընտրած իշխանությունից, իրենց չընտրած կամ ընտրած ընդդիմությունից, մեծամիտ, անբավարար գիտելիքներով, բայց դրան ոչ համապատասխան ամբիցիաներ ունեցող քաղաքական գործիչներից կամ իրենց այդպիսին համարողներից: Հոգնել են «լացացնող» պաթոսից, գրոտեսկի հասնող տեքստերով իրենց «փրկել» ցանկացողներից, սուտ մարգարեներից, սուտ հերոսներից, իրենց շահի համար ճամբար փոխողներից, իրենց «սուպեր հայրենասիրությունը» գովազդողներից ու այն որպես ապրանք վաճառողներից, հայրենիքը սիրելու մասին իրենց տրվող դաստիարակչական դասերից: Հոգնել են այս կամ այն քաղաքական խմբի կողմից իրեն առաջնորդների ցանկացած մտքի ու գործողության հանդեպ անվերապահ քծնանքից: Իսկ գիտե՞ք ինչու: Քանզի միայն բառերով «ուժեղ տղերքի», «ուժեղ գեներալների» ու «խելացի» փրկիչների մասին միֆերը հօդս են ցնդել:

    2. ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ: Բոլորից ու ամեն ինչից հիասթափվելու ու զզվելու արդյունքում ծնվում է ամենազորեղ էմոցիաներից մեկը, որն ընդգծված արտացոլվում է պետության ու դրա ճակատագրի նկատմամբ: Սա հետևանք է ինչպե՛ս տևական շրջան պետությունից օտարման, այնպե՛ս էլ վերջին շրջանում ապրած շոկի և անզորության: Մարդկանց մեծամասնությունը պլաններ կազմում են կարճ ժամանակի համար` օր, ամիս, առավելագույնը` մեկ տարի: Իրենց կամ իրենց երեխաների ապագան չեն տեսնում հայրենիքում, արտագաղթում կամ ծրագրում են դա անել: Այլ կերպ ասած` խորը անտարբեր են ինչպե՜ս ապագայի ու այն խոստացողների, այնպե՜ս էլ այդ ապագայից իրենց փրկողների հանդեպ, ինչպես վարվող կործանարար քաղաքականության, այնպես էլ այդ մասին անպտուղ պատմողների հանդեպ: Եվ որևէ նշանակություն չունի ինչ հաճախականությամբ այդ մարդկանց կպիտակավորեն կամ կվիրավորեն: Չի ազդելու: Ի դեպ ՏԻՄ ընտրությունները հարուստ նյութ են` Հայաստանի էմոցիոնալ քարտեզը գծագրելու առումով: Դրանք քաղաքական չեն, դրանք ցույց են տալիս անհատական հարաբերությունների բարձր մակարդակ ու կուսակցական կառույցների արժեզրկում: Ու ոչ հեռանկարային է այս ընտրություններից հեռուն գնացող եզրահանգումներ անելը` իշխանության փլուզման կամ ընդդիմության մոտալուտ հաղթանակի մասին: Ճիշտ հետևություններ, սակայն, ընդդիմությունը կարող է անել:

    3. Ատելություն, բարկություն, ագրեսիա, անհանդուրժողականություն ու ծայրահեղականություն իրար հանդեպ: Չմանրանամ:

    4. Վախ: Սա միակ էմոցիան է, որ իշխում է բացարձակապես բոլորի մոտ: Եվ կախված նրանից թե ինչ վախեր ունի անհատը կամ խումբը` տարբերվում են նրա գործողությունները: Հասարակության մեծ մասը վախենում է նոր պատերազմից, որոշ խմբեր վախենում են իրենց կուտակած կապիտալը կորցնելուց, մյուսները` ազատությունը կորցնելուց, երրորդները` պաշտոնը կորցնելուց, իսկ դե իշխանության պարագլուխը` այդ նույն իշխանությունը կորցնելուց: Այն իր կյանքի միակ երաշխիքն է: Այս անհատական վախը ազգային նվաստացման հիմքն է: Ու զարմանալի չէ, որ մարդիկ իրենցը չեն համարում ո՛չ վերջինիս վախ-նվաստացումը, ո՛չ էլ ընդդիմության` իշխանության ձգտելու մոլուցքը: Այս հակասական վախերը մի դեղատոմսով չես հաղթահարի:

    5. «ՀՐԱՇՔԻ ՍՊԱՍՈՒՄ»: Սա ՀՈՒՅՍ էմոցիայի հայկական տարբերակն է: Հակառուս թե ռուսամետ, արևմտամետ թե հակագլոբալիստ կամ ինչպես ասում են հայամետ, բոլորը, նստած սպասում են ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի: Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն, Ամերիկան, Ֆրանսիան, Իրանը և այլն: Բացի մեզնից` բոլորը: Բոլորը մեզ պարտք են: Մենք` ոչ մեկին: Քաղաքական այս կամ այն խմբի կարծիքով` մեծ տերերի փոքր ծառան, պիտի լինի հենց իրենց առաջնորդը: Չէ որ նա ոչ մեկից պակաս չէ: Ու այսպես օրեր, շաբաթներ, ամիսներ ու տարիներ: Ընդ որում` իշխանափոխության հերթական աշուն-ձմեռ կամ գարուն-ամառ հավաքածուները ունեն այս տրամաբանությունը` <թող սա էլ հանձնի` հետո, այս մեկն էլ ստորագրի` հետո….

    Իսկ այդ համատարած աղմուկի, քաոսի մեջ անտեսվում է ամենակարևորը` Հայաստանն ու Արցախը գոնե մեզ` ապրողներիս համար տեսանելի ժամանակներում իրենց նախկին սահմաններով չեն լինելու: Հայաստանը այլ է, Հայաստանը պատմության թատերաբեմից չհեռանալու համար ունի շաաաատ նեղ միջանցք` ու ամենակարևորն այն է, թե ով է լինելու այդ միջանցքով մեզ անցկացնողը կամ լինելու է արդյոք: Դրա համար մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է իրականացնել վերաիմաստավորման ու մաքրման գործընթաց` անհատական, կլանային, ազգային:

    ԱՆՀԱՏԱԿԱՆ մակարդակով խոսքը հատկապես այսպես կոչված էլիտաներինն է: Նրանց առաջնորդներինը: Սխալների գիտակցում, իրարից ու կյանքից նեղվածության զգացման հաղթահարում, ու իրենցից ու իրենց հարմար մարդկանցից բացի, այլ մեկի դիտարկում: Իրական կարող մեկին, ոչ թե մեդիա փուչիկով արհեստականորեն ուռճացվող ինչ-որ մեկին, որի վարկանիշը որքան իրական, նույնքան էլ` անիրական է: Կարող մեկին` իր թիմով ու նոր համակարգ կառուցելու ցանկությամբ ու ունակությամբ: Որևէ մեկի հանդեպ պարտավորության զգացում չունենալով:

    Պրոֆեսոր Շաքարյանցը ասում էր, որ մեզ հայերիս բնորոշ է «ԿԼԱՆԱՅԻՆ» (խմբային) էթնոհոգեբանությունը` «մենք», «մեր ընկերները», «մեր մոտիկները», սրանք կլիշեներ են, որոնցով մենք մտածում ենք, և բոլորս ուզում ենք մեզ մոտ մարդկանց տեսնել այս կամ այն պաշտոնում: Ձերբազատվել սրանից առհասարակ ու ամբողջությամբ անհնար է, բայց պահի լրջությունը գիտակցելով` պիտի փորձենք: Որ մարդիկ հավատան, որ բացի «ձեզնից» կարևոր են նաև իրենք ու երկիրը: Որ լսեն, որ հավատան, որ ցանկանան, որ համախմբվեն:

    ԱԶԳԱՅԻՆ մակարդակով պիտի ձևակերպենք կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագիր ու երազանք` պրագմատիկ, իրագործելի ու չափելի: Դաշնակիցների ու անգամ թշնամիների համար` հասկանալի: Հիմա խիզախ լինելու ու կարողացածից ավելիին ձգտելու պահն է: Ու այդժամ երևի հաջողենք: Արժանի լինենք:

    Հ.Գ. Հաջողել նշանակում է ունենալ պետություն ունենալու հույս, ոչ թե այս իշխանությունից ազատվելու: Կարող է ստացվի ազատվել իշխանությունից առանց այս խնդիրները լուծելու, բայց դա Հայաստանի ապագայի հետ կապ չի ունենա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ