20:02:22 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ողջունում ենք մեր եղբայրներին և քույրերին». Կուբայի նախագահը հայ զբոսաշրջիկներին հրավիրել է իր երկիր

    01:00 15 Հոկտեմբեր 2021

    Կուբայի Հանրապետությունը հեշտացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից ժամանող զբոսաշրջիկների մուտքը երկիր և նոյեմբերի 15-ից սկսած՝ ՊՇՌ թեստի հավաստագիր չի պահանջի նրանցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 14-ի հեռավար նիստին ասել է ԵԱՏՄ դիտորդ Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս Կանելը:

    Ըստ նրա՝ Կուբայի և ԵԱՏՄ պետությունների փոխգործակցության համար հեռանկարային ոլորտներից են էներգետիկայի, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաև տուրիզմի ոլորտները:

    «Մենք պատրաստ ենք բարենպաստ և գրավիչ պայմաններ ստեղծել միության անդամ պետությունների զբոսաշրջիկների համար: Դրա համար հարկավոր է տարբեր խողովակներով, միջտարածաշրջանային հարթակներով և ԶԼՄ-ներով առաջ մղել Կուբան՝ որպես զբոսաշրջային ուղղություն: Նոյեմբերի 15-ից, երբ պատվաստված կլինի Կուբայի բնակչության ավելի քան 90 տոկոսը, մեր սահմանները կսկսեն աստիճանաբար բացվել, ինչպես նաև կմեղմացվեն սանիտարահիգիենիկ միջոցառումները ժամանող ուղևորների համար», - ասել է Միգել Դիաս Կանելը:

    Կանելի խոսքով՝ Կուբա ժամանող զբոսաշրջիկներից ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստի հավաստագիր չեն պահանջի, կճանաչվեն պատվաստման հավաստագրերը:

    «Մենք նախօրոք ողջունում ենք մեր հյուրերին՝ եղբայրներին և քույրերին Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Հայաստանից», - հայտարարել է Կուբայի նախագահը:

    Կուբայի Հանրապետությունը, ըստ երկրի նախագահի, հպարտանում է Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր անդամ պետության հետ բարեկամությամբ՝ հաստատելով իր ցանկությունը հետագայում ևս զարգացնելու երկկողմ հարաբերությունները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտում և շարունակելու համատեղ աշխատանքը եվրասիական ինտեգրացիոն նախագծի ամրապնդման ուղղությամբ:

    «Դա հեշտ խնդիր չէ, բայց մենք համոզված ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում մենք կհասնենք դրա իրագործմանը», - ընդգծել է նախագահը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս