01:16:29 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ հայտարարությունը վտանգավոր միտում ունի եւ չի բխում ՀՀ շահերից. այդ տրամաբանությամբ ստացվում է Մինսկի խումբն անելիք չունի. քաղաքագետ

    22:57 14 Հոկտեմբեր 2021

    Հայկական կողմի համար կարևոր է, որ որևէ քննարկում չլինի էքստերիտորիալ միջանցքի կամ ճանապարհի մասին: Ցանկացած պարագայում, եթե հաղորդակցության ուղիները բացվում են, ապա այդ ճանապարհները պետք է գտնվեն մեր վերահսկողության ներքո, և այնտեղ պետք է իրականացվի թե՛ անձնագրային, թե՛ մաքսային ստուգում՝ Հայաստանի համապատասխան մարմինների կողմից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

    Հիշեցնենք, որ այսօր միջազգային լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել, որպեսզի և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան երթևեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից:

    Մեզ հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Պողոսյանն ընդգծեց, որ այստեղ կարևոր է, թե հայկական կողմն ի՞նչ է հասկանում ճանապարհ ասելով, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հստակ է՝ նրանք պահանջում են էքստերիտորիալ միջանցք, այսինքն՝ ճանապարհներ, որտեղ հայկական կողմը կունենա զրո վերահսկողություն՝ թե ոստիկանական, թե մաքսային առումով.

    «Պարզ ասած՝ Ադրբեջանը և Թուրքիան պահանջում են, որ Սյունիքի մարզում ստեղծվի Լաչին 2, այսինքն ինչպես Լաչինի միջանցքով հայերը կարող են Հայաստանից գնալ Արցախ՝ առանց Ադրբեջանի կողմից անցագրերի և մաքսային ստուգման, Ադրբեջանն էլ պահանջում է, որ ադրբեջանցիներն էլ կարողանան գնալ Նախիջևան ՝ առանց հայկական կողմի անձնագրային և մաքսային ստուգման: Սա մեզ համար բացարձակ անընդունելի է, հուսով եմ՝ ԱԽ քարտուղարի հայտարարությունը, որ Հայաստանի չի քննարկել և չի քննարկում միջանցքի հարց, դա համապատասխանում է իրականությանը, չնայած՝ թե իշխանությունները փակ դռների հետևում ինչ են քննարկում իշխանությունները, շատ բարդ է ասել»,-ասաց զրուցակիցը:

    Քաղաքագետի արձանագրմամբ՝ Հարավային Կովկասում ներգրավված բոլոր արտաքին ուժային կենտրոնները շահագրգռված են կոմունիկացիաների բացմամբ, քանի որ դա համարում են իրավիճակի կայունացմանը նպաստող գործոն, ուստի այս համատեքստում Հայաստանը չի կարող թույլ տալ իրեն գնալ կոմունիկացիաների շրջափակմանը, միևնույն ժամանակ զրուցակիցն ընդգծեց, որ հստակ տարբերակում պետք է դնել ճանապարհների ապաշրջափակման և էքստերիտորիալ միջանցքի միջև և մերժել Ադրբեջանի բոլոր փորձերը՝ Սյունիքի մարզում Լաչին 2 ստեղծելու փորձերը:

    Մեր խնդրանքով Բենիամին Պողոսյանն անդրադարձավ նաև այսօր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի հայտարարությանը, թե մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են ԼՂ շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման ավարտի համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը:

    Քաղաքագետի մեկնաբանությամբ՝ ՀԱՊԿ-ը փորձում է ակնարկել, որ նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունները բավարար են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար: Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ սա որևէ կերպ չի կարող Հայաստանի շահերին համապատասխանել, քանի որ այդ հայտարարություններով ֆիքսվել են պատերազմի՝ մեզ համար շատ ցավալի արդյունքները:

    Զրուցակցի խոսքով՝ ՀԱՊԿ այս հայտարարությունը նաև կասկածի տակ է դնում Մինսկի խմբի գործունեությունը.

    «ՀԱՊԿ հայտարարությունը վտանգավոր միտում ունի, քանի որ այդ տրամաբանությամբ ստացվում է Մինսկի խումբն անելիք չունի և բոլոր հարցերը կարգավորված են եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով:

    Եթե հայտարարվում է, որ եռակողմ հայտարարությունները բավարար են հակամարտությունը լուծելու կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելու համար, ապա այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ համար է Մինսկի խումբը: Մենք գիտենք, որ մեզ համար չափազանց կարևոր է Մինսկի խմբի աշխատանքների գործարկումը, որն էլ հստակ ուղերձ կհղի՝հակամարտությունը դեռևս կարգավորված չէ»,-ասաց Բենիամին Պողոսյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս