13:02:04 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իշխանությունը համարձակություն չունի, որ ասի՝ պայքարելու է Արցախի ինքնորոշման համար. Սեյրան Օհանյան

    23:13 31 Մայիս 2022


     

    Իրենք շուտվանից են մնացել իրենց «պրիոմի» տակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե «ընդդիմությունը ծանր կացության մեջ է, այլ կերպ ասած ՝ իրենք մնացել են իրենց «պրիոմի» տակ»։

    «2018–ին գալով իշխանության՝ ամեն ինչ սկսելով իրենց սեփական կետից, իրարամերժ արտահայտություններով եւ գործողություններով, իշխանությունները ձախողել են բանակցային գործընթացը եւ երկիրը տարել պատերազմի։ Պատերազմի ընթացքում ոչ մի ջանք չեն թափել, որ մարդկային եւ մնացած բոլոր գործիքակազմերը օգտագործեն պաշտպանություն իրականացնելու համար։ Հակառակը՝ պարտության ճանապարհը խրախուսել են ու պատերազմի ժամանակ տարբեր կոչումներ, շքանշաններ, մեդալներ շնորհել։ Խրախուսել են նաեւ պատերազմից հետո, երբ Ադրբեջանը ներխուժել է մեր սահմաններից ներս։ Վերջին խրախուսումն էլ տեղի ունեցավ մայիսի 28–ին, երբ հատուկ բանակային կորպուսի հրամանատարին խրախուսեցին, ինչի՞ համար, թող հրապարակային ասեն, իսկ հիմա էլ խաղաղության քողի, սահմանազատման, սահմանագծման ներքո երկիրը տանում են մի գործողության, որտեղ վտանգ է սպառնում Արցախի հայությանը։ Փաշինյանն էլ վերջերս հայտարարեց, որ միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ իրենք են մնացել իրենց «պրիոմի» տակ»,– մեկնաբանեց Սեյրան Օհանյանը։

    «Հայաստան» խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ ամիսներ շարունակ ընդդիմությունը խորհրդարանում փորձում էր անդրադառնալ անվտանգային խնդիրներին, սահմանային վիճակին, սակայն այդ նախաձեռնություններին իշխանությունները ադեկվատ չեն արձագանքել եւ անգամ դեմ են արտահայտվել դրանց։

    «Հակառակ դեպքում իրենք սահմանը կամրապնդեին, պաշտպանությունը կուժեղացնեին, կհետեւեին, որ Ադրբեջանը պարբերաբար չմխրճվի ՀՀ սահմաններ եւ ոչ թե իրենց աթոռները կպահեին»,– ասաց Օհանյանը։

    Ըստ նրա՝ ընդդիմությանը ձայն տված մարդիկ պահանջում են պաշտպանել Արցախը եւ չթույլատրել, որ Հայաստանը գնա թուրք–ադրբեջանական տանդեմի տակ մտնի։

    «Հանրային պահանջն այսօր փողոցն է, եւ մենք փողոցում ենք։ Այն ուժը, որը չի պատկերացնում, թե ինչ աղետ է բերել Հայաստանի ու Արցախի գլխին, այսօր փորձում է պիտակներ կպցնել ընդդիմության վրա։ Մեր համակիրները մեզ մանդատ են տվել, որ իշխանություններին հեռացնենք, ու մենք այդ ճանապարհին ենք։ Մեր աշխատանքները հարաճուն ընթացք են ստացել։ Ինչ վերաբերում է մանդատներին, ապա մենք մանդատից կառչած չենք, այդ անձեռնմխելիության խնդիրը մեզնից ոչ մեկը չունի, իրենք ունեն այդ խնդիրը, որովհետեւ շրջապատված են ոստիկանական ուժերով, «ախրանաներով» եւ կալոնաներով։

    Մենք ենք որոշում՝ որտեղ է մեր գործունեությունը, եթե մենք լինենք Ազգային ժողովում, կլինենք մեր օրակարգով, եթե մենք դրսում ենք, ապա մեր օրակարգը դրսում է։ Հունիսի 3–ին հրավիրված ԱԺ նիստի նախագծում մեր կողմից նշված են կարմիր գծերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի եւ Արցախի ինքնորշումն ու անվտանգությունը ապահովելու համար։ Եթե իրենք դրան կողմ են, թող միանան, եթե դեմ են, թող գան ու քննարկումներով հիմնավորեն իրենց տեսակետները, բայց իրենք չունեն համարձակություն, որ ասեն՝ պայքարելու են Արցախի ինքնորոշման համար, կամ որ իրենք ամեն ինչ անելու են, որ Արցախն Ադրբեջանի կազմում չլինի»,– շեշտեց Սեյրան Օհանյանը։

    Նրա խոսքով՝ հունիսի 3–ի ԱԺ նիստին պարզ կլինի,  թե ովքեր են մտածում Հայաստանի ու Արցախի ապագայի մասին, իսկ եթե այդ քննարկումները տեղի չունենան, ապա ըստ Օհանյանի՝ հունիսի 3–ից հետո պարզ կլինի, թե ինչպես են շարունակելու իրենց պայքարը փողոցում։

    Հարցին, թե ի՞նչ մտավախություններ ունեն նախարարները, որոնք այս օրերին հրաժարվում են հանդիպել ընդդիմադիր պատգամավորների հետ եւ դիրքորոշում հայտնել Արցախի հարցով, Սեյրան Օհանյանն արձագանքեց.

    «Գտնվելով Նիկոլ Փաշինյանի ազդեցության ներքո, նրանք մտածում են իրենց աթոռների ու ապագայի մասին, այսինքն՝ կզրկվեն իրենց աթոռներից հակառակ դեպքում։ Բայց պահը օրհասական է. յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ մեր պայքարի նպատակը հայ ժողովրդի ողնաշարն ուղղելն է, ծնկի չիջնելը թշնամիների առաջ։ Պաշտոնյաներն էլ պետք է գիտակցեն, որ մնալով իշխանության մեջ, նրանք մաս են կազմում այն գործընթացներին, որը «Դիմադրություն» շարժումն անվանել է՝ «ոչ Հայաստանի թրքացմանը, ո՛չ Արցախի հայաթափմանը»։

    «Հայաստան» խմբակցության ղեկավարի գնահատմամբ՝ վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկաններ կողմից կիրառվող բիրտ ուժը Նիկոլ Փաշինյանի վախերի արդյունքն է։

    «Իրենք վախենում են պաշտոնը կորցնել, իսկ դրանից հետո պատասխանատվության ենթարկվել այն իրավիճակի համար, որն այսօր կա Հայաստանում ու Արցախում։ Երկրորդ պատճառն այն է, որ ոստիկանները դրա համար խրախուսվում են պարգեւավճարների տեսքով, մինչդեռ խելացի իշխանությունները երիտասարդությանը կտանեն նրանց իրավագիտակցությունը եւ կրթության որակը բարձրացնելու ուղով»,– հավելեց Սեյրան Օհանյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս