01:55:27 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աշոտ Վարդապետյան. Համալիրում շախմատ խաղալը հաճելի է եւ տպավորիչ (ֆոտո)

    21:37 14 Հոկտեմբեր 2021

    Մարզահամերգային համալիրում նախորդ անգամ շախմատ խաղացել էին 1996 թվականին. դա Հայաստանում անցկացված 32-րդ Համաշխարհային Օլիմպիադան էր, որն այն ժամանակ համարվում էր մինչ այդ անցկացվածներից լավագույնը: Հաճելի է, որ ներկայիս ղեկավարությունը նման շքեղություն թույլ տվեց, իսկ համալիրում շախմատ խաղալը հաճելի է եւ տպավորիչ:

    Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ, մրցավարական հանձնաժողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար, Շախմատի միջազգային ֆեդերացիայի կանոնների հանձնաժողովի պատվավոր նախագահ Աշոտ Վարդապետյանը:

    Հոկտեմբերի 13-ից Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Yerevan Open միջազգային մրցաշարը: Աշոտ Վարդապետյանը մրցաշարի գլխավոր մրցավարն է:

    Պարոն Վարդապետյան, 4 տարվա ընդմիջումից հետո Yerevan Open-ը կրկին վերադառնում է: Ինչո՞վ էր պայմանավորված տեւական դադարը:

    Այս մրցաշարը նախատեսված էր անցկացնել 2020 թվականին, բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգեց: Այս տարվա Yerevan Open-ն իր հնարավորություններով եւ մեծությամբ մեր օրերի Հայաստանի համար ֆանտաստիկ մրցաշար է: Մասնակցում է 14 երկրի 311 շախմատիստ: Խաղում է 25 գրոսմայստեր, որն աննախադեպ է համաճարակի այս պայմաններում: Իսկ 2020-ից առաջ ունեցած դադարը պայմանավորված էր որոշակի իրադարձություններով: Այժմ այն կրկին անցկացվում է եւ ավելի մեծ մասշտաբով:

    Ես 20 տարուց ավելի եղել եմ Երեւանի ֆեդերացիայի նախագահ: Իմ ամբողջ գործունեության ընթացքում երազել եմ, որ Երեւանն ունենա իր խոշոր մրցաշարը: Ես շատ գոհ եմ, որ ներկայիս ղեկավարությունը հնարավորություն տվեց մրցաշարին շարունակվել եւ Հայաստանը մնա ոչ միայն ուժեղ շախմատիստների կենտրոն, այլ նաեւ շախմատի մրցաշարերի կենտրոն:

    Ինչո՞վ է այս մրցաշարը կարեւոր Հայաստանի համար:

    Նման մրցաշարերը Հայաստանում կարեւոր են երիտասարդների եւ պատանիների համար: Հայ երեխաները մեր աշխարհագրական դիրքից եւ ֆինանսական հնարավորություններից ելնելով շատ մեծ հնարավորություններ չունեն, որպեսզի գնան այլ երկրներ: Յուրաքանչյուր նման մրցաշարի այլ երկրում մասնակցելը կազմում է առնվազն 1000 դոլարին համարժեք գումար: Սա ծնողների համար ահռելի մեծ գումար է: Այսպիսի մրցաշարերը մեր երեխաներին հնարավորություն է տալիս մեծ քանակությամբ ապագա շախմատային հույսերին մասնակցել, փորձ ձեռք բերել, փորձել միջազգային տիտղոսների համար նորմաներ լրացնել:

    Շատ հաջող ստացվեց այն հանգամանքը, որ այս մրցաշարից երկու օր առաջ Ծաղկաձորում ավարտվեց մեկ այլ միջազգային մրցաշար՝ Chess Mood-ը, որի շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ունենում երկու միջազգային մրցաշար խաղալ Հայաստանում՝ առանց մեծ ծախսերի: Chess Mood-ից հետո այս մրցաշարի կազմակերպումը այս մաստշաբներով շատ բարձր եմ գնահատում:

    Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից ովքե՞ր են մասնակցում Yerevan Open-ին:

    Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մի քանիսը չեն կարողացել մասնակցել, քանի որ այս ընթացքում մասնակցում են այլ ուժեղ մրցաշարերի: Մեր առաջատարներից մի քանիսը պատրաստվում են մասնակցել հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 8-ը Ռիգայում տեղի ունենալիք Grand Swiss մրցաշարին, որը համարվում է աշխարհի առաջնության ընտրական փուլ: Կան խաղացողներ, որ ուրիշ անձնական խնդիրների պատճառով չեն մասնակցում: Հիմնական շեշտը դրված է երիտասարդների վրա: Երիտասարդներից մեր ուժեղագույն շախմատիստների առջեւ խնդիր է դրված լավ արդյունքներ գրանցել: Yerevan Open-ին մասնակցում է Համաշխարհային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Վերջին շրջանում Տիգրան Պետրոսյանն այդքան ակտիվ չի մասնակցում մրցաշարերին, բայց Օլիմպիադայի կրկնակի չեմպիոնի մասնակցությունը միշտ էլ ճոխացնում է յուրաքանչյուր մրցաշար: Խաղում է նաեւ Մամիկոն Ղարիբյանը: Նա մեր լավագույն պատանիներից մեկն է: Հայկ Մարտիրոսյանը չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով:

    Աղջիկներից հավաքականի առաջատարներից Աննա Սարգսյանն է մասնակցում, խաղում է նաեւ պատանի շախմատիստուհի, Հայաստանի փոխչեմպիոն Մարիամ Մկրտչյանը, որը օրերս Ծաղկաձորում երրորդ անգամ լրացրեց միջազգային վարպետի նորմա:   

    Ուրախալին այն է, որ ոչ միայն Հայաստանն է մեծ կազմով մասնակցում, այլեւ դրսի պատվիրակությունները: Օրինակ՝ Հնդկաստանը ներկայացրել է 40 մասնակից: Իրանը նույնպես մեծ քանակությամբ շախմատիստներ ունի:

    Ինչպե՞ս որոշվեց մրցաշարը հյուրընկալել մարզահամերգային համալիրում:

    Համալիրում միջազգային մրցաշար անցկացնելու մտահաղացումը Yerevan Open-ի կազմկոմիտեինն է եղել: Ինչպես հայտնեց Երեւանի ֆեդերացիայի անդամ Մամիկոնյանը, այստեղ անցկացնելու առաջարկը եղել է Երեւանի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանինը: Սկզբում քննարկվել է Շախմատի տունը, բայց հետո որպեսզի ավելի մեծ շքեղություն տրվի մրցաշարին, որոշվել է համալիրը: Այստեղ մրցաշար անցկացնելը շատ գեղեցիկ է եւ տպավորիչ:

    Լուսինե Շահբազյան

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս