14:05:26 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. Արման Թաթոյան

    14:32 9 Դեկտեմբեր 2021

    ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ «Ֆրանսիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան քննարկումներին հիմնավորել եմ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու՝  ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը

    Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել իմ մի քանի ժամ տևած քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

    Կոնկրետ օրինակներով ու փաստերով մանրամասն ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքների կոպիտ խախտումներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին:

    Հատուկ անդրադարձել եմ նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը:

    Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:

    Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումը բոլորովին այլ է. դա ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի հարևանությունից ու ճանապարհներից: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է:

    Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:

    Պետք է լինի ապառազմականացված [անվտանգության] գոտի:

    Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:

    Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահաջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:

    Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները:

    Քննարկվել են այլ հարցեր ևս»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս