00:21:02 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աղվան Հովսեփյանի փաստաբանները պահանջում են հարցաքննել «Շանթի Յուրայի» վերաբերյալ քրեական գործերը քննած քննիչներին ու դատախազներին

    22:11 14 Հոկտեմբեր 2021

    ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանները պահանջում են հարցաքննել «Շանթի Յուրա» մականունով հայտնի՝ Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ միջնորդությունն արդեն ներկայացվել է ՀՔԾ։

    Խնդիրն այն է, որ Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի հիմքում դրված է բացառապես Վարշամ Ղարիբյանի ցուցմունքն առ այն, թե Վարշամ Ղարիբյանն իր մասնակցությամբ և առնչությամբ քննվող քրեական գործերով Աղվան Հովսեփյանի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու և ապագայում այդ գործերով իր օգտին կոնկրետ գործողություններ կատարելու համար նրա հանձնարարությամբ «Երեւան» հեռուստաընկերության 50 բաժնետոմսը նվիրաբերել է վերջինիս որդուն՝ Ա.Հովսեփյանին։ Ըստ Վարշամ Ղարիբյանի՝ իր վերաբերյալ քննվել են տարբեր քրեական գործեր, որոնց շրջանակներում ունեցել է մեղադրյալի, տուժողի դատավարական կարգավիճակներ, որոնց վարույթը կասեցվել է։

    Հետաքրքիրն այն է, որ նախաքննական մարմինը չի ստուգել «Շանթի Յուրայի» ցուցմունքները ու շտապել է դրանց հիման վրա միանգամից մեղադրանք առաջադրել Ա. Հովսեփյանին։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը, ելնելով գործի օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտությունից, պետք է վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրի Վարշամ Ղարիբյանի առնչությամբ քննված քրեական գործերով քրեական հետապնդման մարմինների իրավասու ներկայացուցիչներին՝ քննիչներին, դատախազին, վարչության պետին՝ պարզելու, թե արդյո՞ք այն քրեական գործերով, որոնցով Վարշամ Ղարիբյանը հանդես է եկել տարբեր դատավարական կարգավիճակներով, Աղվան Հովսեփյանը, զբաղեցնելով այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, հովանավորչություն իրականացրել է՝ Վարշամ Ղարիբյանի համար այդ քրեական գործերով ցանկալի ելք ապահովելու առումով, թե՝ ոչ։

    «Նշվածը կարևոր է այնքանով, որքանով հենց հիշյալ հանգամանքն է տվյալ պարագայում հանդիսանում Աղվան Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող հանցավոր արարքի սուբյեկտիվ կողմի առկայության պարտադիր հատկանիշ (շարժառիթ), որի բացակայության պայմաններում, կարծես թե, ակնհայտ է, որ խոսք չի կարող գնալ հանցակազմի առկայության մասին»,- ասել է փաստաբանը։

    Նրա դիտարկմամբ՝ մինչ քրեական գործ հարուցելը և առավել ևս Աղվան Հովսեփյանին մեղադրանք առաջադրելը, քրեական հետապնդման մարմինները նյութերի նախապատրաստման փուլում պարտավոր էին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Վարշամ Ղարիբյանի հայտնած տեղեկատվության հավաստիությունն ու բավարարությունը ստուգելու ուղղությամբ, ինչը չի արել և առաջնորդվել է բացառապես Վարշամ Ղարիբյանի ցուցմունքի հավաստիության կանխավարկածով, որն անընդունելի մոտեցում է։

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։ Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

    Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս