08:55:02 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ոստիկանությունը հիմա էլ վիրավորվել է Ալեն Սիմոնյանի փոխարեն

    17:59 22 Սեպտեմբեր 2021

    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի վիրավորվել «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի գրառումից, նրա փոխարեն վիրավորվել է ոստիկանությունը ու առանց ենթադրյալ «տուժողի» բողոքի որոշել է նյութեր նախապատրաստել նրա դեմ։

    Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Արթուր Դանիելյանն իր տան մոտից բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք՝ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ գրառման համար։

    ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ Դանիելյանը նախապատրաստվող նյութերի շրջանակներում հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու, այժմ նա ոստիկանությունում չէ։

    Ի դեպ, թեև Դանիելյանը ոստիկանության բաժանմունք է ներկայացել ոստիկանների ներկայությամբ, այլ ոչ թե՝ ծանուցմամբ, այդուհանդերձ ոստիկանությունը խուսափում է օգտագործել «բերման ենթարկել» կամ «բերվել« ձևակերպումներից։ Սա եւս մեկ ցուցիչ է, որ ոստիկանությունը եւս գիտակցում է իր գործողությունների ապօրինությունը։

    Նկատենք, որ Դանիելյանը բերման է ենթարկվել դեռևս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքում կատարած գրառման համար, որով ենթադրաբար Ալեն Սիմոնյանի հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն հանցագործության մասին հաղորդում Ալեն Սիմոնյանի կողմից չի ներկայացվել, իրավապահ մարմինները նյութեր են նախապատրաստում՝ սեփական նախաձեռնությամբ իրականացված մոնիթորինգի արդյունքում։ Այլ խոսքով՝ իրավապահները վիրավորվել են Ալեն Սիմոնյանի փոխարեն՝ ի հեճուկս քրեական դատավարության պահանջի։

    Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում ներմուծվել է 137.1-րդ հոդված, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծանր վիրավորանքի համար, մինչդեռ նշված հոդվածով վարույթ նախաձեռնելու համար անհրաժեշտ է տուժող կողմը բողոք, հաղորդում ներկայացնի։ Այլ խոսքով՝ սա մասնավոր գանգատի գործ է, որոնք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն՝ հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա։ Ամբողջ տրամաբանությունն այն է, որ որեւէ իքս անձի, այդ թվում՝ իրավապահ մարմին իրավունք չունի վիրավորվելու մեկ այլ անձի փոխարեն, օրինակ՝ ինչ- որ մեկի համար գուցե հայհոյանքը վիրավորանք չէ, քանի որ գտնում է, որ տվյալ գնահատականն արդարացված է ու հասցեական։

    Աղբյուր` Փաստինֆո

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս