03:11:58 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ

    14:59 11 Հունվար 2025

    Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ 

     

    Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների  և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ 

    «Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։

    Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների  և  անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ 

    Նա հավելել է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան հիմա՝ շեշտելով, որ դա հաստատվեց նախորդ տարի մի շարք որոշումներով, մասնավորապես՝ վիզաների ազատականացման երկխոսության գործակմամբ և Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրված 10 միլիոն եվրոյի աջակցությամբ։ 

    Հիպերը նաև ասել է, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու առնչությամբ քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության  և  դրա արժեքների գրավչությունը։

    Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս