02:53:09 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցչի տարակարգի տրամադրման կարգում

    14:36 6 Փետրվար 2025

    Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

    Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում կհստակեցվի տարակարգի համար ուսուցչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև որոշակի հստակեցումներ կիրականացվեն ընթացակարգերի հետ կապված:

    Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, միայն 2024 թ. պետբյուջեի շրջանակում գործել է 4 տարբեր ծրագիր, որոնցից մեկը կամավոր ատեստավորումն է։ Ըստ նախարարի՝ չորս տարիների կամավոր ատեստավորման արդյունքում 6100-ից ավելի ուսուցիչ կամ Հայաստանում աշխատող ուսուցիչների շուրջ 20 տոկոսն օգտվել է ծրագրից: Վերջիններս արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ։ «Կարևոր է, որ այս ծրագրի շրջանակում նաև 2023-2024 թթ. ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն է ստացել շարունակել իր աշխատանքը: Եվ պետք է հիշեցնեմ, որ Կառավարության հաստատած օժանդակության ծրագրով այժմ 49 ուսուցիչ պետական միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։

    ԿԳՄՍ նախարարը նշել է, որ համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված ծրագրերն աշխատում են: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում են, նրանց մեծ մասը երիտասարդ ուսուցիչներ են: «Մենք շարունակական աշխատանք ենք տանում, որ մեր գործող ընթացակարգերը անընդհատ լավարկվեն, վերանայվեն, որպեսզի դրանք լինեն ավելի պարզ, միանշանակ և ծառայեն իրենց նպատակին: Այս տրամաբանությամբ ենք առաջարկվում նաև այս փոփոխությունները տարակարգի մեխանիզմում: Առաջիկայում տարակարգի փաստաթղթերը կընդունենք միայն էլեկտրոնային եղանակով, որը թե՛ ռեսուրսի խնայողության տեսանկյունից է կարևոր, թե՛ հաշվի առնելով, որ կրթության կառավարման տեղեկատվական հարթակում արդեն իսկ բավարար տվյալներ կան, հնարավորություն կտա կրճատել այն փաստաթղթերի ծավալը, որը պետք է ներկայացվի, և կրկնակի գործ չանել ուսուցիչների համար, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային մատյանում լրացված դասի պլաններն արդեն իսկ բավարար կլինեն. դրանք առանձին լրացնելու կարիք չկա: Այս փոփոխությամբ մենք նաև հնարավորություն ենք տալու, որպեսզի, ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը դիտարկելով՝ հանձնաժողովն իրավասու լինի համապատասխան տարակարգ շնորհելու:

    Հիմա ուսուցիչը կարող է դիմել 3-րդ աստիճանի տարակարգի, հանձնաժողովն ուսումնասիրի և տեսնի, որ նրա փաստաթղթերը համապատասխանում են, դիցուք, 4-րդ կամ 2-րդ աստիճանի տարակարգին, բայց նման որոշում կայացնելու իրավունք չունի, որովհետև կարող է արձագանքել միայն ուսուցչի առաջարկած տարակարգին, և սա նույնպես կրկնակի վարչարարություն է առաջացնում, որովհետև ստիպված է լինում մերժել, և ուսուցիչը ստիպված է լինում դիմել այլ տարակարգի համար: Այս կարգավորումներն էապես պարզեցնում են այս հանգամանքը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

    Ըստ նախարարի՝ կճշգրտվի նաև հավելավճարի հաշվարկը. հավելավճարը կհստակեցվի դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձրացմանն ուղղված մյուս ծրագրերի տրամաբանությունը: Առաջարկվող կարևոր փոփոխություն է նաև համատեղությամբ աշխատանքի պարագայում հավելավճար տրամադրելու մասին կարգավորումը: «Կարևոր եմ համարում նաև, որ մենք հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով 1-ին և 2-րդ տարակարգի ստացման հնարավորություն ենք ստեղծում այն պարագայում, երբ որ հերթական ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր ոլորտներից 80-89 տոկոս արդյունք է կամ 90-100 տոկոսը»,-նշել է ԿԳՄՍ նախարարը:

    Նախարարը հավելել է նաև, որ հստակեցվել են դասընթացների հանդեպ պահանջները, որոնք նախկինում ավելի անորոշ էին, այս պարագայում որոշվել է, որ նախարարության կողմից ֆիքսված լինելը պարտադիր պայման է: «Այս պահին համակարգում կա 300-400 հազար դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ, 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ: Այս ուսուցիչները հենց այն ուսուցիչներն են, որոնք թե՛ կամավոր ատեստավորված են, թե՛ տարակարգ են ստանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս