14:56:18 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի օրը

    11:56 15 Հունիս 2024

    Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է, գրում է qahana.am-ը։

     

    Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ:

     

    Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասն իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա:

     

    Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող Լուսավորչի Ս. Աջը Հայ եկեղեցու կարևորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը:

     

    Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս